Այս գործընթացը ամբողջությամբ կազմակերպվել է ՔՊ վարչությունը, որեւէ որևէ գյումրեցի ներգրավված չէ այս գործընթացի մեջ անաչառություն ապահովելու համար. վարչապետը վաղն է հրապարակվելու անունները, ովքեր են մասնակցելու:  Այս մասին այսօր՝դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելու համար նախնական ընտրություններ անցկացնելուն:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե էլ ովքեր են ինքնաառաջադրվել, քանի որ միայն ՔՊ-ականները չեն մասնակցում, այլ նաեւ համակիրները, համախոները, որոնք պատրաստ են ՔՊ-ի անունից հանդես գալ հետագայում նաև որպես թեկնածու:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր՝ որպես թեկնածու ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու շանսերը, նա պատասխանեց. «Գյումրեցին է տալու մանդատը, ես չեմ կարող ասել: Գյումրին սպեցիֆիկ քաղաք է, Գյումրին կամ շատ սիրում է, կամ չի ընդունում: Շատ բարդ է հասկանալ, թե դու որ սեգմենտի մեջ ես:

Փրայմերիզը ցույց կտա և գյումրեցիները իրենք կորոշեն, թե ում են տեսնում որպես քաղաքի ժամանակավոր պաշտոնակատար, որովհետև ինչքան է անունը դնենք ու լինի իրավաբանորեն ժամանակավոր պաշտոնակատար, ինքը որոշ ժամանակահատված քաղաքապետ է լինելու, և այս քայլը ևս մեկ անգամ քայլ է դեպի ժողովրդավարություն»:

Դիտարկմանը, որ ինքնաառաջադրվել է նաեւ Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը եւ ավելի մեծ են նրա շանսերը, Առուշանյանն ասաց. «Փրայմենրիզը լինելու է խիստ անաչառ, խիստ վերահսկելի: Լրատվականները փորձում են շահարկել պարոն Մկրտչյանի ազգակցական կապերի հետ կապված, կարող եմ ասել, որ այս պարագայում որևիցե ազդեցություն չի ունենալու, և եթե պարոն Մկրտչյանը ունի լայն համախոհություն գյումրեցիների կողմից, ուրեմն ինքն էլ ընտրվելու է:  Որևիցե մեկը չի կարող կանխատեսել, խոսակցությունները, թե նախնական պլանավորած, որոշած է, չեն համապատասխանում իրականությանը: