Իրականում Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը սկսվել է դեռեւս 1990-ականներից,  բազմաթիվ գործընթացներ է անցել, մենք ԵՄ-ի Արևելյան գործընկերության անդամ էինք, դրանից հետո այստեղ ԵՄ-ի հետ կնքվել է CEPA-ի պայմանագիրը, բայց այդ ընթացքում ՌԴ-ից նմանատիպ հայտարարություններ չենք լսել: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, որ հնարավոր չի լինել և Եվրամիությունում, և ԵԱՏՄ-ում, Հայաստանը պետք է ընտրություն անի:

«Մեր իշխանության օրոք ավելի խորացել են ԵՄ-ի հետ հարաբերությունները, եվրոինտեգրման պրոցեսով բազմաթիվ գործողություններ են արվել:

Ինչու՞ են մեր ռուս գործընկերները այսպես սուր արձագանքում հենց հիմա, կարծում եմ ակնհայտ է, որովհետև, այսպես ասած, աշխարհաքաղաքական կենտրոնների մեջ կա հստակ բախում: Բայց կարևոր շեշտադրում եմ ուզում անել, որ նախագիծը կառավարության նիստում քննարկվելուց և նաև հետագայում, որ գա Ազգային ժողով, հայտարարում է գործընթացի մեկնարկի մասին և այդ գործընթացը սկսվել է դեռևս վաղուց:

Դա չի նշանակում, որ մենք հայտ ենք ներկայացրել ԵՄ անդամ դառնալու, չենք էլ կարող, որովհետեւ մեր օրենսդրությամբ պետք է հանրաքվե տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք հայտ ներկայացնել ԵՄ անդամ դառնալու: Դա նշանակում է, որ գործուն քայլեր պետք է իրականացնենք ԵՄ անդամակցության հետ կապված»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանը հայտարարի, որ քանի որ դուք եվրոպական կուրս եք ընտրել, ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը դադարեցնում ենք, Մինասյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իրենք այդպիսի որոշում կկայացնեն: Ես կարծում եմ, որ մինչև այն կետը, որ Հայաստանը հայտ ներկայացնի ԵՄ անդամ դառնալու, որը, ըստ մեր ռուս գործընկերների, կհակադրվի ԵԱՏՄ-ին, բավականին երկար ժամանակ է անցնելու: Ես չեմ կարծում, որ այդ ժամանակաշրջանը հիմա է, որ մենք պետք քննարկենք, թե արդյո՞ք հակադրվում են այդ երկուսը: Իհարկե, հակադրվում են, ԵԱՏՄ-ն տնտեսական այլ կառույց է, ԵՄ-ն տնտեսական այլ միավոր է, բայց այն աշխատանքները, որը Հայաստանն իրականացնելու է, սկսել է դեռևս վաղուց»:

Նա չհամաձայնեց, որ Հայաստանը անջրպետ է մտցնում ՌԴ-ի հետ հարաբերություններում. «Հակառակը, Հայաստանը միշտ անկեղծ և հստակ իր դիրքորոշումը հայտնել է այդ հարցերի շուրջ։ Մենք ունեցել ենք բազմաթիվ դժգոհություններ, սկսած նրանից, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում է տեղի ունեցել, և մեր ռուս գործընկերները չեն արձագանքել երկկողմ համաձայնագրի շրջանակում: Դրանից հետո ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին են ուղղված եղել դժգոհությունները և մենք այդ բոլոր մտահոգությունները հստակ բարձրաձայնել ենք: Մինչև այժմ էլ ասում ենք, որ մեր գործընկերները պետք է կողմնորոշվեն, արդյոք Հայաստանի տարածքը, տարածքային ամբողջականությունը նրանց համար կարմիր գիծ է, թե ոչ։ Այդտեղից է սկսել հարաբերությունների որոշակի լարումը»,-ասաց Մինասյանը:

Նա նկատեց, որ չի կարելի անվտանգային հարցերը պրոյեկտել տնտեսական թեմաների վրա. «Գիտեք, որ այս տարիների ընթացքում մենք շատ սերտ համագործակցություն ենք ունեցել ԵԱՏՄ-ի հետ, առևտրաշրջանառությունն է բավականին մեծ տոկոսով աճել:

Հայաստանը շատ ճիշտ քաղաքականություն է ընտրել տնտեսական դիվերսիֆիկացիայի առումով: Մենք տեսնում ենք, որ մեկ կամ երկու կենտրոնից կախվածությունը բերում է բավականին մեծ լուրջ դժվարությունների։ Եվ այո, պետք է մենք հասկանանք նույն «խաղաղության խաչմերուկ» նախագծով կամ այլ նախագծերով, կոմունիկացիաների բացման նախագծերով, ինչպիսի տնտեսական առավելություններ կարող ենք քաշել հնարավոր բոլոր կենտրոնների հետ համագործակցություն ունենալով»: