Հայկական թաքնագիտական դպրոցը հնագույն արմատներ ունի և այդ մասին բազմաթիվ պատմական հիշատակումներ կան: Այս մասին NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակներում նշեց հայագետ, աստվածաբան Հայկ Կիրակոսյանը, ով նախաձեռնել է Հայաստանում հայագիտական, թաքնագիտական դպրոց-կենտրոնի հիմնումը:
Հայկ Կիրակոսյանի խոսքով՝ ամենահայտնի թաքնագետներ են եղել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, հայազգի միստիկ փիլիսոփա, կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևը, եգիպտահայ Մամուր Ֆաթիմին, Սերինեն, Թորգոմ Սարայդարյանը և ուրիշներ:
«Թումանյանի շատ հեքիաթների հիմքում հենց թաքնագիտությունն է: Գրողի անձնական գրադարանում բազմաթիվ գրքեր կան, որոնք վերաբերվում են օկուլտիզմին, թաքնագիտությանը, էզոթերիկային: Սակայն թաքնագիտության հետ կապված ամենից շատ ուսումնասիրություններն արել է հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ Գեորգի Գյուրջիևը, որը հայտնաբերել է մի ձեռագիր, որում հիշատակվում է Անիում գործած հնագույն փակ, գաղտնի Սարմունկյան դպրոց-միաբանության մասին: Այս փաստը դրդել է նրան ամբողջ կյանքը նվիրել այդ դպրոցի որոնումներին: Պատմական անհերքելի փաստեր և հիշատակումներ կան այն մասին, որ Անիում գործել է ստորգետնյա դպրոց, որը թուրքերն այսօր իբրև աղավնատուն են ներկայացնում: Դպրոցը հայտնի է Գեդան Գյալմազ անվանումով, որը հայերենով հնչում է Անդարձ Անհաս: Գեդանը հայերեն կերթան, այսինքն կգնան բառից է, իսկ Գյալմազ նշանակում է հետ չեն գա: Անվանումը հուշում է, որ այդ դպրոցում ճանապարհ անցածը այնպես է փոխվում, դառնում անճանաչելի, որ նրան հետ վերադարձնելն անհնար է դառնում: Ստորգետնյա այս տեղանքում առ այսօր դերվիշական պարեր, հոգևոր պրակտիկաներ են անցկացվում: Անի մեկնած արշավախմբեր, որոնց անդամներից են եղել Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, ինչպես նաև մեծ հայագետ, լեզվաբան Նիկողայոս Մառը, նույնպես այնտեղ փորձել են հայտնաբերել թաքնագիտական դպրոցը»,-ասաց Կիրակոսյանը:
Թաքնագիտության նշանակության, թաքնագիտական բանաձևերի, Հայաստանում հայագիտական, թաքնագիտական դպրոց-կենտրոն հիմնելու հեռանկարների և այլ հարցերի շուրջ Հայկ Կիրակոսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:











