Հյուսիսային Կորեայում զանգվածային ողբ է սկսվել Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ: Տեղական հեռուստաընկերությունը կադրեր է ցուցադրել, որտեղ հազարավոր մարդիկ հավասար շարքեր են ստեղծում «մեծ առաջնորդի» հուշարձանների մոտ եւ անդադար հեկեկում են:
Տղամարդին եւ կանայք, ծերերն ու երեխաները, դպրոցականները եւ ուսանողները, զինծառողները եւ քաղաքացիական անձինք շարժվում են առաջնորդի հուշակոթողի եւ նրան դիմանկարների ուղղությամբ` իրենց ձեռքում պահելով կարմիր դրոշներ եւ աշխատանքային գործիքներ: Մարդիկ ուղեւորվում են հուշակոթողի մոտ հենց աշխատավայրերից: Շատերն անդադար հեկեկում են, ծնկի են իջնում:
«Մեծ զորահրամանատար, խնդրում ենք, հետ վերադարձիր: Մենք չենք կարող հավատալ, որ դու լքել ես մեզ: Դա չափազանց դաժան է»,-տեսախցիկի մեջ գոռում է ինչ-որ կին, ով հիստերիկայի մեջ է ընկել:
Մյուս կադրերում լրագրողները ցույց են տալիս, որ ինչպես են ողբերգական նորությունից ցնցվել հյուսիսկորեացիները, ովքեր Փհենյանի ավիաչվերթին էին սպասում Պեկինի օդանավակայանում: Չինացի բժիշկները ծեր կնոջը հարկադրված են շտապ բուժօգնություն տրամադրել, ինչ-որ տղամարդ էլ հրաժարվում էր հավատալ այդ ողբերգությանը եւ բացականչում էր, որ «ստուգելու է միայն պետական լրատվամիջոցներով»:
Կորեայի պետական գործակալությունը նշում է, որ Հյուսիսայի Կորեայի 24 միլիոնանոց բնակչության համար առաջնորդի մահը դարձել է անձնական ողբերգություն: Այն դիմել է ժողովրդին` կոչ անելով «ողբը փոխել ուժով եւ քաջությամբ` դժվարության հաղթահարման համար»: «Նա մեզ շատ հանկարծակի է լքել: Նրա սիրտը դադարել է բաբախել, բայց նրա բարի անունը եւ ազնվական կերպարը մշտապես մնում են բանակի եւ ժողովրդի հետ...Իսկ այժմ մենք պետք է միավորվենք Կիմ Չեն Ընի գլխավորությամբ: Նրա օգնությամբ մենք կհաղթահարենք կորուստի ցավը, կշարժվենք դեպի հաղթանակ»,-ասված է դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին` 69 տարեկան հասակում, ֆիզիկական եւ մտավոր չափազանց ծանր աշխատանքից:











