Ցանցում հայտնված տեսագրությունը, որում երեւում է, թե ինչպես են եգիպտական զինվորները մերկացնում եւ ծեծում ցույցի մասնակից կանանցից մեկին, հարուցել է միջազգային հանրության վրդովմունքը:

Համաշխարհային առաջնորդները մտահոգություն են հայտնել երկրում չդադարող բռնությունների կապակցությամբ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այդ առիթով  հայտարարել է. «Ես եգիպտական հատուկ ծառայություններին կոչ եմ անում հարգել եւ պաշտպանել ամեն մի եգիպտացու հանրահավաք անցկացնելու եւ խոսքի ազատության իրավունքը»:

Հիշեցնենք, որ սա Թահրիր հրապարակում կնոջ նկատմամբ ցուցաբերվող բռնության հայտնի դարձած առաջին դեպքը չէ: Ավելի վաղ անկարգությունների զոհ էին դարձել անգամ արեւմտյան կին լրագրողները, որոնք սեռական բռնության էին ենթարկվել:

«Թահրիրի աղջկան»  կամ, ինչպես նրան արդեն անվանում  են սոցցանցերում, «կապույտ կրծքկալով աղջկան»  ծեծելու տեսագրությունը ցնցում է իր դաժանությամբ, գրում է NEWSru.com-ը:

Տեսագրությունը եւ մի քանի լուսանկարներ հրապարակվել էին կիրակի գիշերը եւ մի ակնթարթում տարածվել ցանցում: Կադրերում երեւում է, թե ինչպես մի քանի տղամարդիկ փորձում են քաշել կնոջ ձեռքերից, որպեսզի օգնեն փախչել զինվորներից:  Սակայն զինված մարդիկ սկսում ե ծեծել նրանց:  Միաժամանակ պատառոտում են կնոջ հագուստները:  Քացիներով խփում են կնոջ գլխին եւ որովայնին:  Կնոջ վնասվածքների ծանրության աստիճանը  եւ նրա հետագա ճակատագիրն անհայտ են: