Վանաձորում, բողոքի ակցիայի ելած «Քիմպրոմ» ընկերության նախկին աշխատակիցները, ովքեր պահանջում են իրենց վերջին 8 ամսվա աշխատավարձը, որոշել են գրավոր դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 09:00-ից Վանաձորում ցույցի են դուրս եկել քաղաքի նախկին «Քիմպրոմ», ներկայումս «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ի աշխատակիցները, թվով 30-40 մարդ: Նրանք պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության աշխատակիցները նշել են, որ միշտ խոստացել են, որ աշխատավարձերը վճարելու են, բայց այդպես էլ չեն վճարել:
Երբ գործարար պատգամավոր Խաչիկ Մանուկյանը դարձել է «Կոմպոզիտ Մետալ»-ի համասեփականատեր, այդ օրվանից (այս տարվա ապրիլի 1-ից) լուծարվել են նախկին «Քիմպրոմի» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, խոստանալով որ իրենց գրանցելու են «Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ-ում, սակայն 8 ամիս շարունակ նրանց չեն գրանցել: Ստացվում է, որ այսօր արդեն «Կոմպոզիտ Մետալ»-ում աշխատողները «Քիմպրոմ»-ի հետ խզել են պայմանագրերը, սակայն նոր անվանումով ձեռնարկությունում չեն գրանցվել, թեեւ փաստացի շարունակել են աշխատել:
Փաստացի տնօրինությունից աշխատակիցներին ասել են, որ իրենք նախկին գործարանից վերջնահաշվարկով ազատվել են: Աշխատակիցների խոսքով, իրենք հիմա մնացել են 2 քարի արանքում եւ մտավախություն ունեն, որ տնօրինությունը կհայտարարի, որ իրենք 8 ամիս չեն աշխատել, քանի որ չունեն աշխատանքային պայմանագրեր:
Նրանք նշում են, որ 8 ամիս առաջ Խաչիկ Մանուկյանն այցելել է իրենց եւ անգամ բարձր աշխատավարձեր է խոստացել, սակայն խոստումները չեն կատարվել:
Նշենք, որ «Կոմպոզիտ Մետալ»-ի աշխատակիցները երեկ` դեկտեմբերի 19-ին ցույց են կազմակերպել Լոռիի մարզպետարանի դիմաց, հանդիպել են մարզպետի հետ, սակայն ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասել:
Այսօր կայացած ցույցի ժամանակ գործարանից այդպես էլ ոչ ոք դուրս չի եկել ու չի լսել բողոքի դուրս եկածներին, ովքեր պարզապես բացատրություն էին պահանջում, թե ի՞նչ հիմքով են աշխատում, ինչո՞ւ իրենց հետ չեն կնքել աշխատանքային պայմանագրեր եւ ե՞րբ են ստանալու իրենց չվճարված աշխատավարձերը:
Ըստ նրանց, այս ամենում մեղավոր է նաեւ պետությունը, ով այսօր չի պաշտպանում իր քաղաքացու իրավունքները եւ շարունակ խաբում է իրենց:
Ցույցի ելած «Քիմպրոմ»-ի արդեն նախկին աշխատակիցները գրավոր դիմում գրեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա բոլորով ստորագրեցին դիմումի տակ:











