Բաղդադում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը շարունակում է աճել: Այսպես, զոհերի թիվը հասել է 63-ի, եւս 200-ը տուժել են, տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանությունն առայժմ չի նշում, թե ով կարող է կազմակերպած լինել ահաբեկչությունը:
Բաղդադի ահաբեկչությունները կատարվել են երկրի քաղաքական իրավիճակի վատթարացման պայմաններում, որը կապում են ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերման հետ:
Հիշեցնենք, իրաքյան իշխանությունները երկուշաբթի օրը փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին ձերբակալելու հրաման էին արձակել, որը սունիական թեւի իսլամ է քարոզում: Սունիական «Ալ-Իրաքիա» կոալիցիան պաշտպանում է փոխնախագահին: Այն բոյկոտում է կառավարության նիստերը` վարչապետ Նուրի ալ-Մալիկին մեղադրելով իշխանությունը բռնազավթելու մեջ:
Սունիների եւ շիաների հարաբերությունները սրվել են նախագահ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից եւ 2003թ. ԱՄՆ բանակի կողմից երկիրը օկուպացվելուց հետո: Կողմերը բազմիցս արյունալի ահաբեկչություններ են կազմակերպել միմյանց դեմ:











