Մոսկվայի Սախարովի հրապարակում ընթանում է «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքը: ՆԳՆ տվյալներով` հանրահավաքին արդեն շուրջ 28 հազար մարդ է հավաքվել: Հանրահավաքը 700-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ են լուսաբանում:
Նեմցովն իր ելույթում նշել է, որ արդեն 100 հազար մարդ է հավաքվել:
Հանրահավաքի ամենասկզբում մարդիկ սպիտակ եւ նարնջագույն փչած փուչիկներ են բաց թողել: Նրանց մի մասը փչած պահպանակներ են բաց թողել: Մասնակիցների հագուստներին բողոքի ակցիան խորհրդանշող սպիտակ ժապավեններ կան: Հանրահավաքից առաջ մասնակիցներին ընտրությունների արդարությունը խորհրդանշող սպիտակ կլոր կրծքանշաններ են բաժանվել:
Արտեմի Տրոիցկին հանրահավաքին ներկայացել է մորթե սպիտակ հագուստով եւ կարմիր փողկապով: «Այսօր ես հատուկ եմ պահպանակի նման հագնվել, որովհետեւ ինձ եւս անհանգստացնում է ազգի եւ նրա առաջնորդի առողջությունը», - ասել է նա:
Հանրահավաքին ներկա են ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը եւ Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը:
Կուդրինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի արդար ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել միայն մեկ տարի անց, քանի որ բոլոր կուսակցությունները գրանցելու համար ժամանակ է պետք: Պրոխորովը խոստացել է նախագահ դառնալու դեպքում ցրել Պետդուման:
Հանրահավաքում ցուցադրվել է «Ձախ ճակատի համակարգող» Սերգեյ Ուդալցովի տեսաուղերձը «հիվանդանոցային, իսկ ըստ էության` բանտային խցից»: «Պահանջները պետք է անդրդվելի մնան. Պետդումայի ընտրություններն անվավեր ճանաչում, նախագահական ընտրությունների հետաձգում, համաժողովրդական հանրաքվեով նոր ընտրական օրենսդրության ընդունում եւ նոր ընտրությունների անցկացում»,- Ուդալցովի խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:











