Բելառուսի համազգային հեռուստատեսությունը դեկտեմբերի 25-ին լրատվական սյուժե է ցուցադրել այն մասին, թե ինչպես  «չհամաձայնողներին»  չի հաջողվել Մոսկվայի Սախարովի հրապարակի հանրահավաքը կազմակերպված անցկացնել: Եթերում նշվել է, որ, «բազմահազարանոց հորջորջված ակցիային ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել»:

Բացի այդ, բելառուսական ալիքի տվյալներով, հանրահավաքից առաջ ընդդիմության շարքերում պառակտում է եղել, իսկ դրանց առաջնորդները սկսել են միմյանց մեղադրել «բողոքի ցույցերի համար նախատեսված փողերի լվացման եւ բաժանման համար»: Ավելին, «ներկուսակցական հակամարտությունը ծագել է նաեւ բուն հանրահավաքի ընթացքում»:

Այնուհետեւ տեսագրությունում խոսքը տրվում է1991–1993թթ.  Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահ  Ռուսլան Խասբուլատովին, որը հայտարարում է, որ ոստիկանները ճիշտ կանեին ցրեին հավաքվածներին, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, Սախարովի հրապարակի հանրահավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին Սախարովի հրապարակում` «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով: Համաձայն տարբեր տվյալների` դրան 29 հազարից (ՆԳՆ հաշվարկով) մինչեւ  102 հազար (լրագրողների հաշվարկով) մարդ է հավաքվել: Հանրահավաքի կազմակերպման գումարը հավաքվել է նաեւ սոցցանցերի օգնությամբ. դեկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտարարել էին, որ հավաքել են անհրաժեշտ գումարը` 3 մլն ռուբլի: