Իրանն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, և կարծում եմ՝ այն փաստը, որ Հայաստանը հազարամյակներ շարունակ ունեցել է դրական հարաբերություններ իրանցիների հետ, կարող է օգտակար լինել Թրամփի վարչակազմի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» անդամ Քրիստինե Առաքելյանը:
«Պետք է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, երբ Հնդկաստանի առաջնորդ Մոդին գտնվում էր այնտեղ և հանդիպում էր Թրամփի հետ։ Թրամփի և Մոդիի քննարկած հարցերից մեկը կոչվում էր «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցք» (հապավումը՝ IMEC)։ Սա, ըստ էության, շրջանցում է Միջին միջանցքը։ Այն միացնում է Հնդկաստանը Արաբական Միացյալ Էմիրություններին, Սաուդյան Արաբիային, որոշ չափով Հորդանանին, Իսրայելին, այնուհետև Հունաստանին և դեպի Եվրոպա։ Այլ երկրներ նույնպես փորձում են միանալ այս նախագծին։ Սա տարածաշրջանի համար հիմնական տնտեսական առաջարկն է։
Այս ծրագրի շրջանակում Թրամփի վարչակազմը չեղարկել է Չաբահար նավահանգստի նկատմամբ սահմանված բացառությունները, որոնք Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում կիրառվում էին Չաբահարը Իրանի դեմ պատժամիջոցներից ազատելու համար։
Չաբահարը Իրանում առանցքային նավահանգիստ է, որը կապում է Հնդկաստանը Իրանին, ապա նաեւ Հայաստանին։ Այլ կերպ ասած, Թրամփի վարչակազմը փոխել է իր դիրքորոշումը Չաբահարի նկատմամբ և ամբողջությամբ աջակցում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքին, որը շրջանցում է Հայաստանը և Միջին միջանցքը։
Սա իր հերթին թուլացնում է Իրանի և Հնդկաստանի դիրքերը։ Այժմ առանցքային հարցն այն է, թե Հնդկաստանն ինչ ուղի է ընտրելու։ Քանի որ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման պատճառով Հնդկաստանը ստիպված է հետ կանգնել Չաբահարում ներդրումներ անելուց։ Սա նաև Թրամփի «առավելագույն ճնշման» ռազմավարության հետևանքն է Իրանի նկատմամբ, բայց միաժամանակ խանգարում է Հայաստանին Իրանի հետ արդյունավետ համագործակցել»,-ասաց նա:
Առաքելյանի խոսքով, Սյունիքի շրջանը կարող է ունենալ առավելագույն տնտեսական արժեք, եթե Իրանն ու Հնդկաստանը ներգրավված լինեն այդ համագործակցության մեջ. «Սակայն եթե ԱՄՆ վարչակազմի գործողությունների պատճառով Հնդկաստանը որոշի, որ Իրանի և Հայաստանի հետ համագործակցելու համար շատ խոչընդոտներ կան, և ընտրի Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա միջանցքը, ապա Հայաստանը կորցնում է այդ կարևոր տնտեսական կապերը։
Միացյալ Նահանգներում կարող են ասել՝ Իրանը մեր դաշնակիցը չէ, մեզ հետաքրքրում է միայն միջուկային ծրագրի զսպումը։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի և այլ երկրների խնդիրը պետք է լինի ապացուցել, որ Մերձավոր Արևելքի ռազմավարություն մշակելն առանց Իրանի, չի բխում ԱՄՆ-ի շահերից։ Ճիշտ այնպես, ինչպես Իսրայելա-պաղեստինյան հակամարտության դեպքում․ կարելի՞ է ամբողջությամբ բացառել պաղեստինցիներին, թե՞ պետք է նրանց ներգրավել տնտեսական և անվտանգային համագործակցության գործընթացներում, որոնք հնարավորություն կտան նրանց նորմալ ապրել և զարգանալ իրենց տարածքում»:
Միջին միջանցքով Միացյալ նահանգները հետաքրքրված չէ, և ես չեմ կարծում, թե Թրամփի վարչակազմն այս պահին ցուցաբերում է առանձնահատուկ հետաքրքրություն Միջին միջանցքի նկատմամբ: Ես չեմ կարծում, որ նրանք հասկանում են դրա ռազմավարական նշանակությունը։
Ի վերջո ԱՄՆ-ն չի փոխելու իր ռազմավարությունը պարզապես այն պատճառով, որ դա լավ է Հայաստանի համար։ Նրանք կփոխեն իրենց դիրքորոշումը, եթե դա բխի ԱՄՆ-ի շահերից։ ԱՄՆ-ում մարդիկ պետք է իրենց հարց տան․ արդյո՞ք IMEC միջանցքը, այն տեսքով, որով այն մշակվել և քննարկվել է ԱՄՆ շրջանակներում, բավական է Հնդկաստանին կապելու արևմտյան տնտեսական համակարգին, որի շրջանակում նրա կապերն ու շահերը կլինեն արևմտյան ուղղությամբ։ Կարծում եմ՝ պատասխանը միանշանակ «ոչ» է։
Դրա համար էլ Հնդկաստանը տարբեր ուղղություններով ապահովագրում է իր շահերը։ Հնդկաստանի ընտրած ուղին որոշիչ է նաև ԱՄՆ-ի՝ Չինաստանի հանդեպ ռազմավարության համար։ Եթե Հնդկաստանը ստիպված լինի միայնակ դիմագրավել Չինաստանի, Թուրքիայի, Պակիստանի և շրջակա տարածքների թշնամական գործողություններին, իսկ ԱՄՆ-ն չխաղա որևէ դեր այդ հարցում, ապա IMEC միջանցքը երկարաժամկետ առումով քիչ ազդեցություն կունենա։
Դա նշանակում է, որ Հնդկաստանը կձեռնարկի ինքնապաշտպանական քայլեր, որոնք չեն համընկնի արևմտյան շահերի հետ։ Դրանք կբխեն իր սեփական շահերից և կկապվեն Ռուսաստանի հետ։ Դա իր հերթին ԱՄՆ-ին դուրս կմղի այդ տարածաշրջանից։ Այդ պարագայում պետք է հարց տալ՝ եթե ԱՄՆ-ն դեր չունի Կենտրոնական Ասիայում, եթե այն ազդեցություն չունի Հարավային Կովկասում, ապա ինչպե՞ս է հնարավոր կոտրել ռուս-չինական շահերի կապը տարածաշրջանում։
Հիշենք, որ ներկայիս մտածողությունը հետևյալն է՝ մենք պետք է միմյանցից հեռացնենք Ռուսաստանի և Չինաստանի շահերը։ Բայց ինչպե՞ս ենք դա անելու, եթե չունենք որևէ հստակ ռազմավարություն դրա համար։
Ես ցանկանում եմ ձեւակերպումները տալ այնպես, որ դրանք կարեւոր եւ հասկանալի կլինեն ԱՄՆ-ում գտնվողների համար եւ Հայաստանին ներկայացնել այդ կոնտեքստում՝ առանց ենթադրելու, որ մեր առաջնահերթությունները նույնական են ԱՄՆ-ի առաջնահերթություններին։ Կարծում եմ, որ հենց սա է դիվանագիտության էֆեկտիվ ձևը, որը Հայաստանի կառավարությունը պետք է մշտապես իրականացնի, սակայն մինչ այժմ դա չի արվել»,- ընդգծեց նա:











