Այժմ Ադրբեջանը ներկայացվում է որպես երկիր, որը պետք է միանա Աբրահամյան համաձայնագրերին, ինչը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական բաղադրիչներից մեկն է համարվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ «Հայ մշակութային և գիտական ընկերակցության» անդամ Քրիստինե Առաքելյանը:

«Փաստորեն, Ադրբեջանը ներկայացվում է որպես առանցքային պետություն այս շրջանակում։ Այժմ փորձում են վերաիմաստավորել նրա տարածաշրջանային դերը՝ որպես դիվանագիտական հաղթանակ, որն իրականում Իսրայելի կողմից իրականացված քայլ է:

Եթե դիտարկենք ԱՄՆ շահերի տեսանկյունից, հարց է առաջանում՝ որքանով է դա համահունչ ԱՄՆ քաղաքականությանը։ Չպետք է մոռանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես հայտարարել են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի մասին, այսինքն՝ նրանք փոխադարձ աջակցում են միմյանց։ Միևնույն ժամանակ, Թուրքիան թշնամաբար է տրամադրված Իսրայելի նկատմամբ։ Այսպիսով, Հայաստանը պետք է լրջորեն կասկածի տակ դնի այն կարծիքը, թե Ադրբեջանը իսկապես բարեկամական է Իսրայելի կամ ԱՄՆ-ի շահերի նկատմամբ։

Կա հստակ երկակի խաղ. Թուրքիան մի կողմից փորձում է իսլամական աշխարհին ցույց տալ, որ պաշտպանում է պաղեստինցիներին, իսկ մյուս կողմից՝ սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ, որն իր հերթին նպաստում է պաղեստինյան պետության անկմանը։ Թուրքիան չպետք է հնարավորություն ունենա միաժամանակ երկու մոտեցումներ որդեգրելու՝ երկուսից էլ oգուտներ ստանալով։

Հայաստանի կառավարությունը պետք է շարունակաբար մատնացույց անի այս կեղծավորությունը։ Այո, սա մտահոգիչ է, քանի որ Ադրբեջանին փորձում են ներառել Մերձավոր Արևելքի ընդհանուր ռազմավարության մեջ՝ Իսրայելի միջոցով ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը։

Բայց սա միայն ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը պետք է ավելի մեծ ռազմավարական շահեր բերի տարածաշրջան, հատկապես՝ զարգացնելով կապերը Եգիպտոսի և Հնդկաստանի հետ ու խորացնելով այդ հարաբերությունները»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞ննչ ռազմավարություններ պետք է որդեգրի Հայաստանը տարածաշրջանային ուժերի միջև հավասարակշռություն ապահովելու համար, Առաքելյանը պատասխանեց. «Եթե ռազմավարական առումով Հայաստանը կարեւոր չէ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է, ապա կարեւոր չի լինի Միացյալ Նահանգների համար։  Հայաստանը միշտ լինելու է ռազմավարական նշանակություն ունեցող երկիր Ռուսաստանի համար, քանի որ այն, փաստացի, Ռուսաստանի «հետնաբակում» է։ Հետեւաբար, հարցը ոչ թե այն է, թե արդյոք Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, այլ այն, որ Հայաստանը պետք է իր շահերը պաշտպանի և այլևս չհամաձայնի ընդամենը փշրանքների։

Օրինակ՝ եկեք քննարկենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները։ Իսկապես որեւէ մեկը լրջորեն մտածում է, որ Հայաստանը երբևէ դառնալու է Եվրամիության անդա՞մ, կամ որ ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ է տրամադրելու Հայաստանի՞ն։ Իսկապե՞ս այդպես մտածողներ կան, քանի որ իրականում, ԵՄ-ն արդեն իսկ ծանրաբեռնված է՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստեղծելու հարցում:

Եվ անգամ եթե Հայաստանում կա ԵՄ դիտորդական առաքելություն, դա՞ է լինելու երկրի ապագան որոշող հիմնական գործոնը։ Հայաստանի համար առաջնահերթ է ռազմավարական դաշնակիցներ ունենալ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է։ Եվ պարզ է, թե որտեղ պետք է հայացք գցի․ Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս։ 

Այս երկրներն արդեն իսկ ներգրավված են ավելի լայն կոալիցիաներում, որոնք նպաստում են Հայաստանի շահերին։ Հայաստանը նախ և առաջ պետք է կենտրոնանա դրանց վրա, այլ ոչ թե անորոշ կերպով որոշի՝ դեպի Միացյալ Նահանգնե՞ր է կողմնորոշվելու, թե՞ Եվրամիություն։

Միացյալ Նահանգներում այս պահին Հայաստանի մասին նույնիսկ չեն մտածում։ Ուստի, Հայաստանի համար կարևոր է տարածաշրջանում ռազմավարական համագործակցություն ձևավորել այն երկրների հետ, որոնք պատրաստ են աջակցել իր շահերին»:

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, նա ընդգծեց. «Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները չափազանց կարևոր են Հայաստանի համար։ ԵՄ-ն դատապարտել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունը, մինչդեռ ԱՄՆ-ն՝ ոչ։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ սա Թուրքիայի «ներքին գործն» է։

Եթե միայն դա լիներ, կարելի էր մտածել, որ Հայաստանը պետք է ավելի սերտորեն կապվի ԵՄ-ի հետ, քանի որ ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում տիրող իրավիճակով։ Սակայն չպետք է մոռանալ, որ Եվրոպան ներկայումս սահմանափակ հնարավորություններ ունի՝ լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու համար։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն Թուրքիային համարում է առանցքային դաշնակից և, ըստ էության, աչք է փակում ընդդիմադիր գործչի ձերբակալության վրա, որը, անկասկած, ավելի ժողովրդավարական կողմնորոշում ունի, քան Էրդողանը։

Վերջերս, Վաշինգտոնում մեծ շուքով ընդունեցին Թուրքիայի արտգործնախարարին, ով ելույթ ունեցավ Ատլանտյան խորհրդում՝ առանց որևէ քննարկման այն մասին, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում ընդդիմության դեմ։

Այս ամենը ցույց է տալիս, թե որքան խորն են ամերիկյան քաղաքական շրջանակներում թուրքական շահերը։ Հետևաբար, Հայաստանի կառավարությունը և ողջ հայ ժողովուրդը պետք է ուշադիր հետևեն այս զարգացումներին։

Իմ ամենամեծ մտահոգությունն այն է, որ ԱՄՆ-ն ներկայում այսպես կոչված մեծ Մեծ Մերձավոր Արևելքում ունի երկու հիմնական դաշնակից՝ Իսրայելն ու Թուրքիան։

Այո, ԱՄՆ-ն տարբեր երկրների հետ կարող է երկկողմ հարաբերություններ ունենալ, բայց այդ հարաբերությունները լինելու են երկրորդական՝ Թուրքիայի և Իսրայելի համեմատությամբ։

Եթե դիտարկենք ԱՄՆ-ի գործողությունները տարածաշրջանում՝ Սիրիայում և այլ երկրներում, պարզ կդառնա, որ նրանք առաջնահերթություն են տալիս թուրքական և իսրայելական շահերին, նոր միայն այն երկրներին, որոնք իրենց արտաքին քաղաքականության մեջ առաջնային են դարձրել Թուրքիային կամ Իսրայելին։

Հայաստանը լիովին դուրս է մնում այս շրջանակից։

Սա այն ռազմավարական խնդիրը կամ «դիլեման» է, որը Հայաստանն իր համար պետք է լուծի։

Հայաստանը պետք է անի երկու բան․

  1. ԱՄՆ-ին ներկայացնի իր ռազմավարական նշանակությունը,
  2. Բայց մինչև այդ՝ ձևավորի անհրաժեշտ ռազմավարական դաշինքներ տարածաշրջանում։

Ի վերջո, շատ երկրներ ունեն նույն մտահոգությունները, ինչ Հայաստանը։ Եթե Թուրքիային զսպելու համար ծովային ռազմավարություն է կիրառվում, ապա պետք է լինի նաև ցամաքային ռազմավարություն, և Հայաստանն այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրի և գործի դրա շուրջ։

Բացի այդ, այս ամենը պետք է այնպես ներկայացվի, որ այն նաև Ռուսաստանի շահերից բխի։ Այս պահին Հայաստանին պետք չէ թշնամական դիրքորոշում ունենալ Ռուսաստանի նկատմամբ։

Ռուսաստանն իր շահերից ելնելով կարող է ընդունել, որ Հայաստանը լինի չեզոք երկիր տարածաշրջանում։

Հնարավոր է, որ այս պահին Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները ավելի սերտ են, բայց երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի շահերը ավելի շատ համընկնում են Հայաստանի շահերի հետ, քան Թուրքիայի և Ադրբեջանի»: