Մեքսիկայի դատախազությունը մարդկանց խոշտանգելու մեջ կասկածվող մի քանի ոստիկանների է ձերբակալել:

Իսկ հետաքննության առիթ է դարձել ինտերնետում հայտնված ցնցող տեսագրությունը, որում երեւում է, թե ինչպես ոստիկանների մի խումբ ծաղրուծանակի եւ տանջանքների է ենթարկում բանտարկյալներին:

Տեսախցիկը ինչ-որ մի պահի արձանագրել է, թե ինչպես է ոստիկանը  բանտարկյալներից մեկի գլուխն իջեցնում ջրով լի դույլի մեջ:  Դատելով ամեն ինչից` այդ տեսարանը պատահաբար է նկարահանվել, բայց հետո այն հայտնվել է ինտերնետում եւ իրավապահների շրջանում զանգվածային ձերբակալությունների պատճառ դարձել:

Հայտնի վիդեոհոսթինգում հայտնված այդ կարճատեւ տեսագրությունը խոշոր աղմուկի եւ հինգ ոստիկանների ձերբակալման պատճառ է դարձել: Նրանցից մեկը մեղադրվում է ձերբակալվածներին տանջելու, մնացածները` հանցակցության համար:

Իրավապահներին 3-12 տարվա ազատազրկում է սպառնում, ինչպես նաեւ տուգանք: Նման հանցագործությունների մեջ կասկածվողները չեն կարող տնային կալանքի դիմաց ազատվել:

Հանցագործությունը կատարվել է դեռեւս 2011թ. նոյեմբերի 19-ին, իսկ ցանցում աղմկահարույց տեսանյութը հայտնվել է նույն ամսվա 24-ին: Սակայն կտտանքների ենթարկողներին ձերբակալել են միայն մեկ ամիս անց, գրում էNEWSru.com-ը: