ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում այսօր` դեկտեմբերի 28-ին, խոր վշտի մթնոլորտում, տեղեկացնում է հյուսիսկորեական Հեռախոսային կենտրոնական գործակալությունը:
Արարողությունը լուսաբանող հեռուստա- եւ ռադիոհաղորդավարները եթերում չեն կարողանում զսպել զգացմունքները: «Նույնիսկ հողը, գետերը, ծառերը, թվում է, ցնցվում են`ի նշան խոր վշտի, զինվորականների եւ ժողովրդի դառնաղի լացին համահունչ»,- նշվում է հաղորդագրությունում:
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրին հրաժեշտ տալու եկած Փհենյանի բնակիչներից շատերն այն աստիճանի են ցնցված նրա մահից, որ չեն ցանկանում հավատալ: Քաղաքացիները բղավում են. «Սիրելի հրամանատար, մի լքեք մեզ», ինչպես նաեւ «Խնդրում ենք, վերադարձեք մեզ մոտ»:
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի աճյունը տեղափոխող շարասյունը հասել է Կիմսուսան պալատ, որտեղ կկայանա հուղարկավորությունը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Մեքենայի կողքին, որի վրա դրված է եղել սպիտակ ծաղիկներով պատված դագաղը, ընթացել է Կիմ Չեն Իրի իրավահաջորդը` կրտսեր որդի Կիմ Չոն Ընը: Մեքենայի կողքին են եղել հյուսիսկորեական ռազմական հրամանատարները եւ Կիմ Չոն Ընի հորեղբայր Չան Սոն Թհեկը:
Սեւ «Մերսեդեսներից» եւ սպիտակ «Ֆոլքսվագեններից» բաղկացած կիլոմետրանոց շարասյանը հետեւել է մի ավտոմեքենա, որի վրա Կիմ Չեն Իրի լուսանկարով պաստառն է փակցված եղել:
ԿԺԴՀ հեռուստատեսության ցուցադրած դրվագներից դատելով` պալատի մոտ հարյուր հազարավոր զինծառայողներ են շարվել: Նրանք խոնարհել են գլուխները, երբ կողքով ընթացել է Կիմ Չեն Իրի աճյունը տեղափոխող շարասյունը: Հեռուստատեսությամբ երեւում է հեկեկացող մարդկանց ամբոխը:











