ԿԺԴՀ-ում վախճանված առաջնորդ Կիմ Չեն Իրի հուղարկավորության երկրորդ օրը հիշատակի հավաք է անցկացվել: Կիմ Իր Սենի անվան կենտրոնական հրապարակում Փհենյանի հարյուր-հազարավոր բնակիչներ են հավաքվել:
Հավաքին ելույթ է ունեցել Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ Կիմ Են Նամը: Նա պատմել է «Կիմ Չեն Իրի` հանուն կորեական ժողովրդի բարօրության արված անմահ գործերի մասին» եւ Կիմ Չեն Ընին անվանել է ԿԺԴՀ բանակի, ժողովրդի եւ կուսակցության արժանի առաջնորդ»: Ելույթ է ունեցել նաեւ Կորեական ժողովրդական բանակի քաղաքային գլխավոր վարչության պետի տեղակալ Կիմ Չժոն Գակը, որն ընդգծել է, որ «ԿԺԴՀ-ն միջուկային ուժեր ունի եւ պատրաստ է հակահարված տալ իմպերիալիզմի շանտաժին ու ճնշումներին»:
Հավաքի վերջում հրացանի համազարկեր են որոտացել, եւ ժողովուրդը երեք րոպե լռությամբ հարգել է Կիմ Չեն Իրի հիշատակը: Միաժամանակ միացել են բոլոր լոկոմոտիվների եւ նավերի ազդանշանները, տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը:
Հավաքից հետո ավարտվել է առաջնորդի մահվան սգո միջոցառումների պաշտոնական մասը: Նրա մարմինը զմռսվել է եւ դրվել դամբարնում` հոր` Կիմ Իր Սենի աճյունի կողքին:











