Ինգուշեթիայի անտառում սահմանապահները երկմետրանոց տարօրինակ արարած են հայտնաբերել, որը ձնեմարդու է նման: Այդ մասին տեղեկացրել է հանրապետության աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարար Բագաուդին Մարշանին:

«Օրեր առաջ Ջեյրախի շրջանում որսորդը նկատել է, թե ինչպես արջը բռնել է ոչխարին եւ քարշ տվել անտառ: Որսորդը գնացել է նրա հետքերով, մի քանի կրակոց է արձակել, ինչից հետո կենդանին, կանգնելով երկու թաթերի վրա, թաքնվել է անտառում: Իսկ այսօր սահմանապահներն այդ տեղանքում տարօրինակ արարած են բռնել: Նրան տեղափոխել են Ինգուշեթիայի Նազրանի շրջանի Սուրխախի բնակավայրի հանգստյան տան տարածքում գտնվող կենդանաբանական այգի:

«Ասեմ ձեզ, կենդանին նման է 2 մետր հասակ ունեցող, մուգ գույնի գորիլայի: Հավանաբար էգ է: Շատ խոշոր է: Սովորաբար գորիլաները հենվում են դիմացի թաթերի վրա, իսկ այս կենդանին ուղղաձիգ է կանգնում` մարդու նման: Գռմռում է և անհասկանալի ձայներ արձակում»,- պատմել է նախարարը: Նրա խոսքով` կենդանին շատ վախեցած է, հիմնականում սնվում է մսով և բուսականությամբ:

«Ոմանք ասում են, որ ձնեմարդ է, ուրիշները` խոշոր կապիկ, բայց անկեղծ ասած ես նման բան կյանքում չեմ տեսել», - ընդգծել է Մարշանին:

Մի քանի օրից Մոսկվայից հանրապետություն կժամանեն մասնագետները և կտանեն այդ տարօրինակ կենդանուն, գրում է «Ինտերֆաքս»-ը: