Աֆղանացի աղջիկը մի քանի ամիս ամուսնու գերին է եղել, իսկ վերջինիս ընտանիքի անդամները ծեծել եւ տանջել են նրան:
Շահար Գյուլին յոթ ամիս առաջ, երբ նոր էր լրացել նրա 14 տարին, ամուսնացրել են 30-ամյա աֆղանցու հետ: Մի քանի ամիս աղջկանից լուր չունենալուց հետո ծնողները դիմել են ոստիկանություն:
Պատմությունը հանրային հնչեղություն է ստացել այն բանից հետո, երբ ոստիկաններն աղջկան հայտնաբերել են նրա ամուսնու հարազատներին պատկանող տան նկուղում: Ոստիկանության հաղորդմամբ` աղջկա եղունգները քաշել են, մազերը փնջերով պոկոտել, պոկել մսի կտորները:
ВВС-ն տեղեկացնում է, որ, դատելով տեսագրությունից, աղջկա վնասվածքները շատ լուրջ են: Նրան գտել են ծայրահեղ ուժասպառ վիճակում:
Տեսանյութում երեւում է հիվանդանոցում գտնվեղ Շահարը` հաշմանդամական սայլակի վրա: Նրան հարցնում են, թե ով է ծեծել: Նա ասում է, որ դա արել են իր ամուսինը, ինչպես նաեւ սկեսուրը, սկեսրայրը, տագրը եւ նրա կինը: Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա ամուսնու հարազատներին, բայց ամուսնուն հաջողվել է փախչել:
Իշխանությունների հաղորդմամբ` նրանք տեղեկատվություն են ստացել, որ աղջկան տանջում են եւ ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել, սակայն վերջին պնդումը հերքել կամ հաստատել առայժմ հնարավոր չէ:











