«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ-ի որոշումը պրակտիկայում էականորեն նեղացնում է իրավասու մարմնի՝ դատախազության մոտեցումները և սա արդեն հիմք է պրակտիկ դաշտի տեսլականի փոփոխման, մի շարք գործերի կարճման, կասեցման ու վերանայման համար, թե որ գույքն են իրենք գնահատել որպես ապօրինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

«Օրինակ, պրակտիկայում ունենք որեւէ հիմքի բացակայությամբ գույք, որով մարդկանց նկատմամբ վարույթներ են հարուցվել, ու մարդը որևէ կերպով սրա տակով չէր կարող անցնել: Ունենք դեպք, երբ մարդը պաշտոնատար անձ է դարձել 2020 թվականից կամ 2016 թվականից հետո և որպես ապօրինի ծագում ունեցող իր գույքն են ուսումնասիրում, որը ձեռք է բերվել 1995 թվականին։

Ի դեպ, ուսումնասիրության ժամկետը բավականին երկար է, իրենք հետ են բերել մինչև 1991 թվականի սեպտեմբեր, իսկ հասկանալի է, երբ ապացուցողական բեռը դրվում է պատասխանող կողմի վրա, շատ դժվար է 90-ականների ժամանակագրությամբ, հաշվի առնելով նաև հետսովետական տնտեսական իրավիճակը, մարդկանց ապացուցելու, թե այս կամ այն գույքի ծագման աղբյուրը, հիմքը որն է: Ընդ որում, նաև պետական մարմինների թերացման հետևանքով է, որ որոշակի փաստական հանգամանքներ դժվար մատչելի են ձեռք բերել»,-ասաց նա՝ հավելելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված շուրջ 140 վարույթ կա հարուցված:

«Մի շարք դեպքերով արձանագրվել են հաշտություններ, մնացած գործերը դեռ վարույթային փուլում են։ ՄԻԵԴ կհասնենք, եթե ոչ ցանկալի դատական ակտեր կայացվեն և ՀՀ-ում սպառվեն ներպետական բոլոր միջոցները: Մարդիկ, բնականաբար, հնարավորություն են ունենալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու արդյունքները:

ՍԴ-ի որոշումը կարեւոր է, որովհետև խոշոր գույքերի մասին է խոսքը: Եթե գույքը անձից բռնագանձում են մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմամբ, դուք պատկերացնո՞ւմ եք հետագայում ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում, եթե արձանագրվի մարդու իրավունքի խախտումը, ի՞նչ հսկայական ֆինանսական բեռ է մեր բյուջեի վրա գալու:

Ես կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը կաշկանդված էր նույն ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայով և առնվազն այս արձանագրումները պետք է արվեին»,- ընդգծեց Մելոսյանը:

Հարցին՝ ՍԴ որոշումից հետո ինչ պետք է արվի, ինչը պետք է փոխվի, սահմանադրագետը պատասխանեց. «ՍԴ-ի որոշման մեջ ժամկետ է տրված համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու: Անկախ այն հանգամանքից, որ ՍԴ որոշման խնդրահարույց ձևակերպումներ կան, բայց կան նաև որոշակի ձևակերպումներ, որոնց համահունչ պետք է արդեն վերանայվի իրավակիրառ պրակտիկան։

Մենք փորձելու ենք բացառել իշխանության կողմից քաղաքական նպատակահարմարության ներդրումը այս իրավական ինստիտուտում և որոշակի մանիպուլատիվ տարրերի մեկնաբանումը:

Դատախազությունը ու օրենսդիր մարմինը, ըստ Սահմանադրական դատարանի, պարտավոր են առաջնորդվել արդեն իսկ ընդունված որոշման հետքերով ու կատարել համապատասխան փոփոխություններ»: