Սեռական բռնության ենթարկված գյումրեցի աղջնակը ապրում է ծայրահեղ աղքատ ընտանիքում:
«Շիրակ Կենտրոնն» այցելել է Գյումրիի կենտրոնական մասում գտնվող այն տնակային փոքրիկ ավանը, որտեղ մի կիսախարխույլ, անլույս եւ խոնավ խրճիթում բնակվում է սեռական բռնության ենթարկված տասնամյա աղջնակի ընտանիքին:
2010 թ. դեկտեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին լուրը ներկայացնելիս նշվել էր, որ անշուշտ կատարվել է ցավալի դեպք, սակայն ոչ պակաս կարեւոր է հասկանալ, թե արդյոք այս երեխան Գյումրիում տիրող համատարած աղքատության և երեխաների հանդեպ անուշադրության հերթական զոհը չէ՞:
Արդյոք այդ դեպքը տեղի կունենա՞ր, եթե գիշերօթիկ դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները, երեխայի ծնողներն ու հարեւանները, ինչպես նաև մարզային ու տեղական իշխանություններն ու համապատասխան կազմակերպություններն անհրաժեշտ ուշադրություն և գործունեություն ծավալած լինեին սոցիալապես անապահով երեխաների հանդեպ կիրառվող բռնության դեպքերը կանխարգելու ուղղությամբ:
«Շիրակ Կենտրոնի» ներկայացուցիչները զրուցել են ինչպես երեխայի ծնողների, այնպես էլ հարեւանների հետ: Այս բազմանդամ ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: Հայրը ծանր հիվանդ է և երկար ժամանակ է ինչ գամված է անկողնուն:
Վառելիքը հիմնականում փլված շենքերի տարածքներից հայթայթում են մայրը եւ բռնության ենթարկված աղջնակը: Նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ընտանիքում 5 երեխա են, իսկ ամենափոքրը երկու ամիս առաջ է մահացել վեց ամսական հասակում:
Մանկապիղծը Գյումրիի կենտրոնական մասում գտնվող կիսակառուց մի շինության տարածքում, երեխայի բերանը եւ ձեռքերը կապկպած վիճակում էր բռնաբարել, հավանաբար այդ պատճառով երեխան չի գիտակցում իր հետ կատարվածը և կարծում է, թե իրեն պարզապես ծեծի են ենթարկել:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, հասկանալի պատճառներով, մի փոքր ծածկված են դեմքերը, ինչպես նաև նշված չեն կացարանի հասցեն եւ այլ տվյալներ:











