Մոսկվայի ժամանակով 10:00-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է ավանդական Հաղթանակի զորահանդեսը։ Այս տարի լրանում է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Արարողությանը մասնակցում են ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդներ։ Նրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տո Լամը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Արարողությունը կտևի մոտ երկու ժամ։
Զորահանդեսը ղեկավարում է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ շքերթն ընդունում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ Միջոցառման ծրագիրը բաղկացած է մի քանի հիմնական մասերից՝ արարողակարգային զորաշարվածք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսք, զինված ուժերի տարբեր ճյուղերը ներկայացնող հետևակային շարասյուների երթ և ռազմական տեխնիկայի ցուցադրություն։
Զորահանդեսին կներկայացվեն ինչպես ռուսական վերջին մշակումները, այնպես էլ ռազմական տեխնիկայի դասական նմուշները։ Մասնավորապես՝ T-34 տանկը, Тигр-М զրահամեքենաները, «Искандер-М» հրթիռային համակարգերը, С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը և «Ярс» ռազմավարական հրթիռային համակարգերը։ Բացի դրանից, շքերթի ժամանակ կարող են ներկայացվել արևմտյան զինտեխնիկայի ռազմաավարային օրինակները։
Կարմիր հրապարակով կանցնեն նաև զորահանդեսի ստորաբաժանումներ 13 երկրներից, դրանց թվում՝ Չինաստանից, Եգիպտոսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Մյանմայից։ Արարողությանը հրավիրված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ Հայաստանից, Իսրայելից, Մոնղոլիայից և ԱՄՆ-ից։











