Իմ անունից վարկ է ձևակերպվել «Ինեկոբանկում». երկու ելքով վարկը դուրս է եկել Արշինբանկի քարտապանին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Վերգինե Առաքելյանը, ով մեկն է այն քաղաքացիներից, որոնցից խաբեությամբ գումար են հափշտակել։

«Մենք միանգամից «Ինեկոբանկ» ենք գնացել և սառեցրել ենք հաշվեհամարը։ Տեղեկացրել ենք, թե ինչ քարտապանի է փոխանցվել մեր վարկը՝ ոմն Անաստասիա Բադալյանի։ Հիմա, որ զեղծարարության զոհերով հավաքվել ենք, ես իմանում եմ, որ Անաստասիա Բադալյանի հաշվեհամարին էլի վարկեր են փոխանցվել։ Եթե նույն ժամանակաշրջանում ես դիմում եմ բանկ և ոստիկանություն, գործը գտնվում է քննչականում, ցույց ենք տալիս, թե ում է փոխանցվել այդ վարկը, ինչի՞ իրենք չեն կասեցնում այդ հաշվեհամարը։

Ես չգիտեմ՝ ինչքանով է դա կեղծ կամ իրական էջ, համենայնդեպս իրենք չեն սառեցնում։ Դրանից մենք ինչ կարող ենք եզրակացնել, եկեք ես չբարձրաձայնեմ, բայց եզրակացությունները ակնհայտ են»,–ասաց նա։

Անդրադառնալով իր պատմությանը, Վերգինե Առաքելյանը պատմեց. «Ես վաճառք էի իրականացնում list.am կայքով, հայտնվեց, այսպես ասած, գնորդը և WhatsApp-ով գրեց, որ ցանկանում է գնել ապրանքը։ Քանի որ ապրանքը նոր էր, ինձ մոտ կասկած չհարուցվեց, որ չի ուզում տեսնել ապրանքը, որը երաշխիքի մեջ էր։ Խնդրեց, որ գումարը ինքը փոխանցի և առաքիչը մոտենա վերցնի ապրանքը։ Գումարը փոխանցեց, իր ասելով, հղումը ուղարկեց, հղումը սեղմելով ես մտնում եմ «Հայփոստի» ծրագիր՝ «լյուքս քոփի» ծրագիրը։ «Հայփոստի» աշխատակիցներն էլ են ասում, որ իրական իրենց ծրագրի նման է, այնտեղ գրված է թիվը, ինչքանով որ ապրանքը վաճառվում էր, պետք է նստացնել նորից հաշվեհամարին, դրա համար ներքևում գրված էր՝ գրել մեր հաշվեհամարը, որպեսզի գումարը փոխանցվի արդեն մեր քաղաքում։ Հաշվեհամարը գրելուց հետո արդեն երևի մի հինգ րոպեի ընթացքում մեզ բանկից զանգահարում են, ասում են, որ վարկ է ձևակերպել։

Իհարկե, ես հասկանում եմ արդեն ինչ է կատարվում, խնդրում եմ միանգամից սառեցնել մեր հաշիվները։ 1 միլիոն 348 հազար դրամ վարկ է ձևակերպված լինում, սառեցնում են այդ պահին հաշիվը։ Բայց ինչի՞ բանկը չի զանգահարում մինչ վարկ ձևակերպելը։

Այդ ապրանքը, որ ես վաճառում էի list.am կայքում, գնվել էր օնլայն ապառիկ տարբերակով, ու չորս տիպի անձի նույնականացում է արվել, իսկ 1 մլ 348 հազար դրամ վարկ ձևակերպելու դեպքում, ինչի՞ ընդհանրապես նույնականացում չի արվում։

Ես այդ հարցը տվել եմ Կենտրոնական բանկի աշխատակիցներին, թե ինչո՞ւ սպառողական վարկի դեպքում նույնականացում ընդհանրապես չի արվում, իսկ ապառիկ ձևակերպման դեպքում նույնականացում է արվում մի քանի փուլերով»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ միտում է այստեղ տեսնում, խաբված քաղաքացին արձագանքեց. «Չեմ կարող հիմա բարձրաձայնել, մինչև փաստեր չունենանք։ Համենայնդեպս բանկերը իրենց շահագրգռվածությունը ունեն այս զեղծարարության գործերում։ Դա արդեն ակնհայտ է, բոլորս գիտենք, ու բանկերն էլ գիտեն, որ մենք արդեն գլխի ենք ընկել, որ իրենք իրենց շահագրգռվածություն ունեն։ Դրա համար սկսել են որոշ քայլեր ձեռնարկել, բայց իրենց առաջարկած քայլերը մեզ համար չէ։ Մենք ուզում ենք հասնել 100 տոկոսանոց արդարության, որովհետեւ ոչ մեկս չենք պատրաստվում վճարել իրենց վերցրած վարկերը»։