Չեչնիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում գործարար Արեգ Շչեպիխինի նկատմամբ, որին հունիսի 3-ին առեւանգել էին Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում եւ խցկել Mercedes մակնիշի մեքենայի բեռնախցիկ, հունիսի 4-ին իր թելեգրամ-ալիքում հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաեւը։

Նրա խոսքով՝ Շչեպիխինի նկատմամբ հետաքննությունը տարվում է «հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հրապարակային գործողությունների եւ մի խումբ մարդկանց արժանապատվության՝ նրանց ազգային պատկանելության եւ կրոնական զգացումների նվաստացմանն ուղղված գործողությունների հիման վրա»։

Դուդաեւը պնդում է, որ Շչեպիխինը «բացահայտորեն, հրապարակայնորեն եւ բազմիցս կոչ է արել էթնիկ զտումների եւ նացիզմի, վիրավորել է կրոնը եւ Աստծուն, ինչպես նաեւ արտահայտել է հստակ ծայրահեղական հայացքներ եւ հայտարարել է մանկահասակ երեխաների բռնաբարելու մտադրության մասին»։

Չեչեն նախարարն ավելացրել է, որ Շչեպիխինը «չի առեւանգվել, այլ ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան մարմինների հետ»։

Արեգ Շչեպիխինը առեւանգվել է հունիսի 3-ի երեկոյան Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում: Ականատեսների ներկայացրած կադրերի համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի քանի տղամարդիկ բռնել են նրան եւ, ձեռքերից ու ոտքերից բռնած, դուրս են տարել կայարանի շենքից, որից հետո նրան խցկել են չեչենական իշխանությունների հետ կապված թարթող լույսով եւ համարանիշներով Mercedes-ի բեռնախցիկ: «Baza» թելեգրամ-ալիքի տվյալներով՝ առեւանգումից 20 րոպե առաջ Արեգ Շչեպիխինից պահանջել են տեսանյութ, որում ներողություն է խնդրում։

Մոսկվայի ոստիկանությունը կանգնեցրել է այն մեքենան, որով տարել էին Շչեպիխինին, սակայն շուտով ազատ է արձակել ենթադրյալ առեւանգողներին։ Ըստ «Shot» թելեգրամ-ալիքի՝ ձերբակալվածներից երեքը ոստիկանությանը հայտնել են, որ աշխատում են «Ռոսգվարդիայում»։