Մեր մարմինը մեր սննդակարգի արտացոլումն է։ Հոգնածություն, անքնություն, մաշկային խնդիրներ. շատ հաճախ պատճառը ոչ թե արտաքին գործոններն են, այլ մեր ափսեի ամենօրյա պարունակությունը։ Սակայն ճիշտ սննդակարգն անհնար է առանց բարձրորակ, «կենդանի» մթերքի։ Քո հանդեպ հոգատարությունն սկսվում է հենց գիտակցված ընտրությունից։
Ցավոք, Հայաստանում նման ընտրություն կատարելը հեշտ չէ։ Շուկան ողողված է արտաքուստ գրավիչ, բայց անվտանգության և սննդարար արժեքի առումով ստանդարտներից հեռու ապրանքներով։ Այս պայմաններում կարևոր է ոչ միայն խոսել ճիշտ սնվելու մասին, այլեւ հասնել նրան, որ ազնիվ ու որակյալ սնունդը հասանելի լինի յուրաքանչյուրին։
Առավոտը՝ մեկ բաժակ կաթով
Որակյալ արտադրանքի պակասի ֆոնին առանձնանում են նրանք, ովքեր ընտրել են այլ ճանապարհ՝ հիմնվելով ոչ թե մարքեթինգի, այլ արժեքների վրա։ Ինչպես նշում է Երեմյան ընկերությունների խմբի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն, ընկերության փոխտնօրեն և կառավարող խորհրդի անդամ Լուսինե Երեմյանը՝ իրենց մոտեցումն արտադրությանը պարզապես բիզնես չէ, այլ լավ մտածված էկոհամակարգ, որի հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը. «Եթե ես ինչ-որ բան արգելում եմ իմ երեխային, ես դա չեմ արտադրի և շուկա չեմ հանի»։

Ընկերության կաթնամթերքն արտադրվում է ամբողջությամբ փակ ցիկլի շրջանակում՝ հիմնված «սերմից՝ սեղան» շատ կարեւոր գաղափարի վրա, և 100%-ով կազմված է սեփական ֆերմաներում ստացված A կարգի կաթից։ Սա Հայաստանի միակ արտադրությունն է, որը ստացել է մանկական կաթի սերտիֆիկատ և արժանացել սննդամթերքի անվտանգության միջազգային FSSC-22000 սերտիֆիկատի։ «Մեզ համար դա զուտ հեղինակության հարց չէ, այլ համոզմունքների համակարգ», - ընդգծում է Երեմյանը։ Այս մոտեցումը ոչ թե մրցակցության, այլ ազնիվ, մանրակրկիտ աշխատանքի մասին է, որտեղ առաջնայինը սպառողի առողջությունն է։
Երեմյանը նշում է, որ իր առավոտները սկսվում են մեկ բաժակ կաթով, և սա այլևս պարզապես ընտանեկան ավանդույթ չէ, այլ անհրաժեշտություն։ «Ցավոք, այսօր շատերը ուշադրություն չեն դարձնում սննդամթերքի բաղադրությանը, որը նշված է պիտակի վրա։ Օրինակ՝ շուկայում կարող եք տեսնել «պանիր» և կողքին՝ «պանրային արտադրանք», բայց քչերն են մտածում՝ ինչ է իրականում թաքնված այդ անվանումների հետևում և որքան տարբեր են դրանք որակի և օգտակարության տեսանկյունից։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է լինել ուշադիր ու գիտակից սպառող։ Կարևորագույն հարցերից մեկն է կաթի ծագումը։ Պետք է ուշադրություն դարձնել՝ արդյոք արտադրողն ունի՞ սեփական ֆերմա, և իսկապե՞ս ունակ է իր արտադրանքի ծավալները ապահովել սեփական հումքի հաշվին, այլ ոչ թե գնված հումքի կամ կասկածելի որակի հավելումների միջոցով», - ասում է նա։
Երբ մարտահրավերը ոչ թե խոչընդոտ է, այլ հնարավորություն
Իրականում հենց սպառողների համար իրապես բարձրորակ արտադրանք ստեղծելու ձգտումն էր, որ սկզբնակետ դարձավ Հայաստանում հայտնի ռեստորատորների՝ Երեմյան ընկերությունների խմբի համար՝ սեփական ֆերման, ապա նաև՝ կաթնամթերքի արտադրության ամբողջական ցիկլ հիմնելու համար։ Որդեգրելով «Սերմից՝ սեղան» սկզբունքը՝ նրանք որոշեցին չապավինել պատրաստի հումքին, այլ պատասխանատվություն ստանձնել արտադրանքի ամբողջ ճանապարհի համար՝ դաշտից մինչև սպառողի ափսե։
«Կաթնամթերքի արտադրությամբ մենք սկսել ենք զբաղվել համեմատաբար վերջերս՝ 2019 թվականից, երբ Ջերմուկում բացվեց մեր առաջին տոհմային անասնաբուծական ֆերման։ Գաղափարը ծնվեց, քանի որ մեզ չէր բավարարում շուկայում առկա կաթնամթերքի որակը։ Նման դեպքերում կա երկու ճանապարհ՝ կամ հարմարվել իրականությանը, կամ ստեղծել քոնը։ Մենք, ինչպես միշտ, ընտրեցինք բարդ ճանապարհը. սկսեցինք սեփական արտադրությունը՝ մեր ռեստորաններում որակյալ կաթնամթերք օգտագործելու համար», - պատմում է Լուսինե Երեմյանը։

Կորոնավիրուսի համավարակի սկիզբը դարձավ լուրջ փորձություն բիզնեսի համար։ Ռեստորանները երկրի ամբողջ տարածքում փակ էին, հարյուրավոր աշխատակիցներ՝ հարկադիր արձակուրդում։ Բայց կենդանիների խնամքը դադար չի հանդուրժում. ֆերմայի անձնակազմը շարունակում էր աշխատանքը։ Այդ ժամանակ էլ ընկերությունում կայացվեց ռազմավարական որոշում՝ կաթնամթերքը դուրս բերել լայն սպառման շուկա՝ սեփական ապրանքանիշով։ «Մենք փաստացի շուկա մտանք համավարակի ամենաթեժ փուլում և հաճելիորեն զարմացանք՝ տեսնելով, թե որքան արագ մեր արտադրանքը սիրվեց սպառողների կողմից։ 2022 թվականին մենք բացեցինք երկրորդ ֆերման՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքում», - նշում է Երեմյանը։
Այդ ժամանակվանից նախագիծն արագորեն զարգանում է։ Դրա մասշտաբները պարզ երեւում են վիճակագրությունում։ «2022-ին մեկնարկեց մեր ամենամեծ գյուղատնտեսական ծրագիրը՝ անասնաբուծական եւ խոզաբուծական համալիր՝ լիարժեք ենթակառուցվածքով՝ կերերի սեփական արտադրությունից մինչև մսի վերամշակում։ Ամբողջ համակարգն զբաղեցնում է 32 հեկտար տարածք, որից շուրջ 70 հազար քմ-ը՝ կառուցապատված տարածքներ», - ներկայացնում է գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ներկայում տնտեսությունում պահվում է շուրջ 2500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այդ թվում՝ 1500 կաթնատու կով։ Կենդանիների սնուցման համար մշակվում է 850 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Արտադրական գործընթացներն իրականացվում են 25 միավոր մասնագիտացված տեխնիկայով և ավելի քան 150 աշխատակցի միջոցով։ «Ֆերման աշխատում է շուրջօրյա։ Կենդանիների խնամքը պահանջում է մշտական ներկայություն և բարձր որակավորում։ Մենք պարբերաբար անցկացնում ենք ներքին վերապատրաստումներ, հրավիրում ենք արտասահմանցի մասնագետների։ Անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը մեր համակարգի անբաժանելի մասն է։ Մեր մոտեցումը պարզապես արտադրություն չէ, այլ ամբողջական էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր փուլ ունի իր նշանակությունը», - ընդգծում է Խաչատրյանը։

Սերմից՝ սեղան. ինչպես է այն աշխատում
«Սերմից՝ սեղան» սկզբունքը պարզապես գեղեցիկ բանաձեւ չէ, այլ որակի և թափանցիկության ամենաբարձր չափանիշների համակարգ։ Yeremyan-ի «խելացի» ֆերմայում այս մոտեցումն իրագործվում է ամբողջ ծավալով. նորագույն տեխնոլոգիաների միջոցով վերահսկվում է յուրաքանչյուր փուլ՝ կերերի աճեցումից մինչև կաթի վերամշակում՝ առանց արտաքին մատակարարների կամ միջնորդների։
Սերմը…
Yeremyan–ի արտադրանքի ճանապարհը սկսվում է բառացիորեն հողից։ Բարձրորակ սերմերն ընկնում են բերրի հողը, որտեղ ստեղծվում են իդեալական պայմաններ աճի համար։ Ավտոմատացված ոռոգման համակարգը ապահովում է ջրի ճշգրիտ բաշխումը՝ նպաստելով բարձր սննդարար արժեք ունեցող եղինջի ու եգիպտացորենի աճին։ Այս մշակաբույսերը դառնում են բնական կանաչ կերի հիմք, որը փաթեթավորվում և պահեստավորվում է ժամանակակից սիլոսացման մեթոդով՝ պահպանելով սննդարար արժեքը ամբողջ տարվա ընթացքում։

«Ամեն ինչ՝ սեփականը» սկզբունքը ոչ թե կարգախոս է, այլ փիլիսոփայություն։ Կերարտադրությունում Yeremyan-ը չի օգտագործում նաեւ գնված պարարտանյութեր, այլ միայն ֆերմայի էկոհամակարգում արտադրված և միայն բնական։
Ֆերմայում գործում է անասնաբուծական թափոնների վերամշակման մեխանիզմ՝ մեմբրանային ավազանների համակարգ։ Ինչպե՞ս է այն աշխատում։ Հատուկ ավտոմատացված համակարգը հավաքում է թափոնները գոմերից, դրանք տեղափոխվում են այսպես կոչված նախավազաններ, որտեղ իրականացվում է համասեռացում։ Այնուհետև նյութը տեղափոխվում է հիմնական մեմբրանային ավազան՝ պահպանման համար։
Վերջին փուլում տարածիչներով (սփրեդեր) պարարտանյութը հավասարաչափ տարածվում է դաշտերում՝ հողը հագեցնելով բնական օրգանական նյութերով։ Այսպիսով փակվում է էկոլոգիական շղթան՝ հողը սնում է խոտին, խոտը՝ կովերին, կովերը կաթ են տալիս, որից պատրաստվում են մթերքները։ Եվ այս ամենը՝ միևնույն ընկերության ներսում, միևնույն հողի վրա։
Ոչ թե ֆերմա, այլ տուն
Yeremyan-ի խելացի ֆերման պարզապես անասուն պահելու վայր չէ։ Այն իսկական տուն է, որտեղ ամեն ինչ մանրակրկտորեն մտածված է, իսկ կենդանիների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն են։ Այստեղ կա «մանկապարտեզ» հորթերի համար, առանձին խմբեր՝ դեռահասների, հասուն նախիրի, չկթվող կովերի և հղիության վերջին փուլում գտնվող կովերի համար։ Յուրաքանչյուր խումբ տեղակայված է հատուկ հարմարեցված տարածքում, որը համապատասխանում է նրանց ֆիզիոլոգիական կարիքներին։

Անհատական մոտեցում յուրաքանչյուրին
Կենդանիների յուրաքանչյուր խմբի համար մշակվում է անհատական սննդակարգ, որը կազմվում է մասնագետների կողմից՝ հաշվի առնելով կենդանիների տարիքը, վիճակը և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Օրինակ՝ նախածննդաբերական փուլում գտնվող կովերին տեղափոխում են առանձին բաժին, որի հատակը ծածկված է ծղոտով՝ սահելուց խուսափելու և հոդերի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Քանի որ այս շրջանում կենդանիները քիչ են ուտում, նրանց համար ընտրվում է բարձր կալորիականությամբ սննդակարգ։

Սննդակարգերը տարբեր են նաև կաթնատու, «պատանի» և չկթվող կովերի համար։ Ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկվում է՝ ընդհուպ մինչեւ կտրատվող կերի երկարությունը․ սիլոսը կտրատվում է ոչ ավելի, քան 2 սմ, որպեսզի կովը պակաս էներգիա ծախսի ծամելու և մարսելու վրա։ Նման գիտական մոտեցում կիրառվում է ամեն ինչում։
Բայց միայն սննդակարգ կազմելը բավարար չէ. կարևոր է խստորեն հետևել բաղադրատոմսին։ Այստեղ օգնության են գալիս տեխնոլոգիաները. խելացի մեքենաները ծրագրավորվում են յուրաքանչյուր բաղադրատոմսի համար։ Օպերատորը հավաքում է անհրաժեշտ բաղադրիչները՝ եգիպտացորենի սիլոս, վարսակ, սոյայի քուսպ, եղինջ՝ ճշգրիտ հարաբերակցությամբ։ Կերը խառնվում է և ըստ կենդանիների խմբերի՝ բաշխվում գոմերում։
Կովերի ՍՊԱ
Այո՛, ֆերմայի կովերը սեփական ՍՊԱ–ն ունեն։ Գոմերում տեղադրված են սենսորային մերսող խոզանակներ, որոնք միանում են, երբ կենդանին մոտենում է։ Խոզանակները մաքրում և մերսում են կովերին՝ բարելավելով արյան շրջանառությունը։ Բացի այդ, պարբերաբար իրականացվում է «պեդիկյուր»՝ մասնագիտական սարքավորումներով կճղակների մշակման գործընթաց, ինչը կանխում է վերջույթների հետ կապված խնդիրները։

Գոմերում գործում է ավտոմատացված ջրամատակարարման համակարգ, ինչպես նաև սկրեպերներ, որոնք պարբերաբար մաքրում են անցուղիները՝ պահպանելով ոտքի տակ մաքրությունն ու չորությունը։ Յուրաքանչյուր կովի հատկացված է 8 քմ ազատ տարածք՝ ինչը նվազեցնում է սթրեսը և բարձրացնում արտադրողականությունը։
Խելացի ֆերմա = խելացի կառավարում
Ֆերմայում ներդրված է նախիրի թվային մոնիտորինգի համակարգ։ Յուրաքանչյուր կով կրում է էլեկտրոնային վզկապ, որը հետևում է նրա ակտիվությանը, ինքնազգացողությանը և վարքագծին։ Համակարգը ֆիքսում է նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են բառաչելու հաճախությունն ու բնույթը, կերակրատաշտին մոտենալու հաճախությունը և կենդանու ընդհանուր տրամադրությունը։ Օրինակ՝ եթե կովը հանկարծ դադարում է ուտել, համակարգը անմիջապես ազդանշան է տալիս հնարավոր խնդրի մասին։

Ֆիքսվում են բոլոր ֆիզիոլոգիական գործընթացները՝ կաթնատվության մակարդակը, սերմնավորմանը պատրաստ լինելը, ծննդաբերության մոտենալը։ Այս տվյալների հիման վրա հաշվարկվում են անասնաբուժական միջամտությունների կամ վերարտադրողական աշխատանքի ամենաօպտիմալ ժամկետները։
Հարմարավետություն՝ ցանկացած եղանակին
Ֆերման հագեցած է օդափոխման համակարգով և կլիմայական վերահսկմամբ։ Տաք եղանակին գոմերի պատերը բացվում են՝ ապահովելով բնական օդափոխություն։ Երբ օդի ջերմաստիճանը 20°C-ից բարձրանում է, ավտոմատ միանում են օդափոխիչները, որպեսզի նույնիսկ ամենաշոգ օրերին կենդանիներն իրենց հարմարավետ զգան։
Փակ համակարգ. ինչո՞ւ է դա կարեւոր
Yeremyan ֆերմայում պահվում են բարձր կաթնատվությամբ առանձնացող եվրոպական ցեղատեսակների կովեր։ Մեկ կովն օրական միջինում տալիս է շուրջ 35 լիտր կաթ, իսկ ֆերմայի ռեկորդակիրն ապահովում է մինչև 65 լիտր։ Արդեն 12 ամսականում կենդանիները հասնում են նվազագույնը 385 կգ քաշի, և 13-րդ ամսում կարող են սերմնավորվել։ Իսկ 9 ամիս անց, դեռ մինչև երկամյա դառնալը, կովերը սկսում են կաթնատվությունը։

Ֆերմայում կթումն իրականացվում է խստորեն սահմանված գրաֆիկով՝ օրական երեք անգամ՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ։ Կենդանիների յուրաքանչյուր խումբ նույն ժամին է տարվում կթման։ Իսկ երբ կովերը վերադառնում են իրենց գոմերը, նրանց արդեն սպասում է կերը։
«Շատ կարևոր է, որ կովը անմիջապես կթումից հետո սկսի ուտել։ Նախ՝ կթման ընթացքում նա կորցնում է էներգիա և կարիք ունի արագ լրացնելու սննդարար նյութերի պակասը։ Երկրորդ՝ կթումից հետո պտուկների անցուղիները մնում են բաց մոտ 10 րոպե, և այդ ընթացքում բակտերիաների ներթափանցման վտանգը մեծանում է։ Երբ կենդանին կանգնած է կերատաշտի մոտ, ոչ թե պառկած է, մաստիտի վարակման ռիսկը նվազում է», - բացատրում է Արծրուն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ լրացուցիչ պտուկները մշակվում են յոդ պարունակող ախտահանիչ նյութով։
Կթումը իրականացվում է հատուկ կթման կարուսելում։ Սկզբում օպերատորը ձեռքով մաքրում է կթվամաշկը, կթում է կաթի առաջին շիթերը՝ մաքրությունը ստուգելու և հնարավոր աղտոտվածությունը հեռացնելու նպատակով։ Այնուհետև պտուկները սրբվում են չոր անձեռոցիկներով, և միացվում են կթման սարքերը։ Կարուսելը պտտվում է ավտոմատ կերպով՝ ապահովելով շարունակական և հավասարաչափ կթման գործընթաց։

Կաթն անմիջապես տեղափոխվում է հերմետիկ համակարգ, որը բացառում է դրա շփումն օդի հետ։ Այն անցնում է պոմպերի և կրկնակի զտման միջով, որից հետո մտնում է սառեցնող տարաներ, որտեղ այն սառեցվում է մինչև 2–4 °C։ Կաթի համասեռությունը պահպանելու համար այն մշտապես խառնվում է՝ թույլ չտալով սերուցքի բաժանումը։ Այնուհետև կաթը ջերմամեկուսացված ցիստեռններով տեղափոխվում է վերամշակման գործարան։
«Փակ ցիկլը կարեւորագույն նշանակություն ունի։ Ամենափոքր շփման դեպքում կաթի մեջ բակտերիաների քանակը կարող է հազարավոր անգամներ աճել։ Մեր համակարգում այս ռիսկը բացառված է», - ընդգծում է Լուսինե Երեմյանը։

Այսպես, Yeremyan ֆերմայում իրականացվում է կաթի արտադրության ամբողջական և փակ ցիկլ՝ «սերմից սեղան» սկզբունքով։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ ապահովելով բարձրագույն որակ, անվտանգություն և բնականություն այն կաթնամթերքի համար, որն ի վերջո հասնում է սպառողի սեղանին։











