Հունվարի 14-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Լոռիի մարզում: NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակցի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հարակից սարալանջին:
Դեպքի վայր է մեկնել Լոռիի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ: Անատառածածկ տարածքում բռնկված հրդեհի մասին տեղակ է պահվել Գուգարքի անտառտնտեսության տնօրինությանը, իսկ ահա Փամբակ գյուղի գյուղապետի կարգադրությամբ հրդեհի վայր է մեկնել 5 հոգի: Մեզ հետ զրույցում Հրաչ Անտոնյանը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Գուգարքի անտառտնտեսության 3 աշխատակից, Փամբակ գյուղից 5 բնակիչ եւ Լոռիի մարզային փրկարական վարչությունից 5 փրկարար:
«Տարածքում տրանսպորտային միջոց չի բարձրացվում, հրշեջների համար էլ է տարածքը վտանգավոր, մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են»,- նշեց վարչության պետը, հավելելով, որ «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսության Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն:
Նախնական տվյալներով, այրվել է 2 հեկտարից ավելի անտառածածկ տարածք:
Տարածքով անցնողները NEWS.am-ի թղթակցին ասել են, որ հավանաբար անտառը դիտավորյալ են հրկիզել, որպեսզի այդ կերպ թաքցնեն ապօրինի ծառահատումների հետքերը, որոնք անտառհատողների կողմից հաճախ են կատարվում: Անտառի հրկիզման պատճառը պարզ կդառնա միայն մասնագիտական եզրակացության ավարտից հետո: Հիշեցնենք, որ ՀՀ վարչական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ցանկացած բուսատեսակի հրկիզման համար:
Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











