2020 թվականի պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը պարտվեց, իսկ Թուրքիայի դաշնակիցը՝ հաղթեց։ Ինչպե՞ս կարող է դա չազդել Թուրքիայի ներկայության վրա տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, Թուրքիան մեր տարածաշրջանում գոյություն ունի վաղուց, այն գոյություն ունի տնտեսական իմաստով՝ առաջին հերթին Վրաստանում և Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդմանը։

«Ռազմավարական առումով Թուրքիան ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում տարածաշրջանում։ Գործիքը Ադրբեջանին ուղղակի և միանշանակ աջակցությունն է։ Թուրքիան չի զբաղեցնում տարածաշրջանը չլքած Ռուսաստանի տեղը, բայց Անկարան այստեղ շատ լուրջ տեղ է զբաղեցրել։ Եվ սա միանգամայն նոր իրավիճակ է՝ այն առումով, որ մինչև 2016 թվականը Ռուսաստանը Հարավային Կովկասում օժտված էր անվտանգության մենաշնորհով, մինչդեռ հիմա այլևս այդպիսին չէ։ Թուրքիան Ռուսաստանի փոխարեն մենաշնորհ չունեցավ, բայց Թուրքիան բավական լրջորեն մեծացրեց իր մասնաբաժինը։

Հենց դա է հիմնական պատճառներից մեկը, որ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ նման կերպ վարվել։ Եվ այդ հանգամանքը փոխում է և կշարունակի փոխել տարածաշրջանը։ Միևնույն ժամանակ, ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանը որևէ «երկրորդ ճակատ» չի բացի»,- հավելել է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը որոշվում է ոչ թե Անկարայում, այլ Բաքվում։

«Եվ դա ցույց տվեց Փաշինյանի վերջին այցը Թուրքիա։ Այդ այցերն արդյունք չեն տալիս, ոչ թե որովհետև Թուրքիան նման պահանջներ ունի, այլ որովհետև Ադրբեջանն ունի նման պահանջներ։

«Մեր առջև դրվող Թուրքիայի պահանջները Բաքվի պահանջներն են, այլ ոչ թե Անկարայի», - նշում է փորձագետը։

Հարավային Կովկասի համար Թուրքիան բավարար ռեսուրսներ ունի,  ասում է Իսկանդարյանը:

«Եվ դա Վրաստանը նկատի ունենալով հանդերձ, Ադրբեջանը նկատի ունենալով հանդերձ և այն դիրքորոշումը, որը զբաղեցրել են Երևանի վերնախավը։ Թուրքիան հետաքրքրված է ոչ միայն Հարավային Կովկասով, այլև Սիրիայով, Իրաքով և ամբողջ Մերձավոր Արևելքով։ Միևնույն ժամանակ, Կովկասը Թուրքիայի համար ամենևին էլ  առաջնահերթային տարածաշրջան չէ»,- հավելել է փորձագետը։