Թրամփը Նոբելյան մրցանակ է ուզում, իսկ դրա համար ինչ-որ խաղաղություն պետք է լինի, այսինքն պետք է նման մի կարևոր գործ կատարի, ռուս-ուկրաինական պատերազմում ինքը ոչնչի չկարողացավ հասել, առավել ևս իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմում, և Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ Ռուբիոն ասաց, որ հիմքեր կան, որ հայ-ադրբեջանական խնդիրը ավարտվի խաղաղության պայմանագրով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Այստեղ մի դաշտ է բացվում, որպեսզի Թրամփն իր երազանքը կատարի և խաղաղության նոբելյան մրցանակ ստանա»,–ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքի ճանապարհին եւ ԱՄՆ–ի դերակատարության այդ հարցում, քաղաքագետն ասաց. «Շատերը Սյունիքի այդ ճանապարհը համեմատում են Սուեզի ջրանցքի հետ, այսինքն այդտեղ ֆունդամենտալ ինչ-որ ճանապարհ կարող է դառնալ՝ մեծ ապրանքաշրջանառությամբ։ Իսկ ի՞նչ ապրանքաշրջանառություն կարող է լինել։ Պարզ է, չինական։ Իսկ ո՞րն է Միացյալ Նահանգների ամբողջ քաղաքականությունը՝ խոչընդոտել Չինաստանի հնարավոր ճանապարհներին։ Հիմա հարցը հետևյալն է՝ Չինաստանը նոր ճանապարհներ է կառուցում։ Մի ճանապարհը Պակիստանով-Իրանն է։ Հիմա մեծ գումարներ է դրել Չինաստանը և նոր երկաթուղի է կառուցում, արդեն սկսված է, այն մտնում է Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենիա, որտեղից պետք է ճյուղավորվի, մեկը գնա Իրանով Բանդարաբաս նավահանգիստ, մյուսը թուրքմենական նավահանգիստ, որից հետո պետք է շարունակի Բաքվում և ըստ էության շարունակվի Սյունիքի միջանցքով։ Որովհետև երբ որ Վրաստանով է գնում, 600 կմ երկարում է ճանապարհը և դա ժամանակ է և փող է։

Հիմա հարցը հետևյալն է: Ադրբեջանը ունի ստրատեգիական հարաբերություններ Չինաստանի հետ, Վրաստանը նույնպես ունի նման պայմանագիր, Հայաստանը չունի։ Եթե այդ ճանապարհը Սյունիքով աշխատի, Ադրբեջանին պետք է, որ լինի միայն իր վերահսկողությամբ։ Ինքը ասում է՝ ես պատերազմում հաղթել եմ, և այդ ճանապարհը պետք է լինի իմը։

Եթե դա չինական ապրանքներ են լինելու, Միացյալ Նահանգները ուզում է վերահսկի այդ ճանապարհը, բայց դա Ադրբեջանին պետք չէ, նաև ինչ-որ առումով Թուրքիային էլ պետք չէ։

Բայց ներկա իրավիճակում, երբ Ադրբեջանի հարաբերությունները սրվել է Ռուսաստանի հետ և նաև Իրանի հետ, պահից օգտվում է ԱՄՆ–ն։  Քանի որ Ադրբեջանի վիճակը խորացել է, և ինքը կարճ ժամանակ ունի մինչև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, որից հետո իրենով կզբաղվեն Իրանն ու Ռուսաստանը։ Ու հիմա հնարավորությունների պատուհան է բացվել, և կարող է այս պատճառով Ադրբեջանը համաձայնվի, որ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ լինի Սյունիքի ճանապարհը»,– հայտարարեց քաղաքագետը։

Նա նկատեց, որ այդ դեպքում ԱՄՆ–ն երբ ուզի՝ կարող է բացել ճանապարհը, երբ ուզի՝ փակել։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ հայտնի սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, Ստեփան Դանիելյանն ասաց. «Դա սահմանադրության խախտում է։ Այսինքն դու քո սուվերեն տարածքը տալիս ես ինչ-որ միջազգային, ըստ երևույթին կոնսորցիումի։ Նաև հարց է, թե  կոնսորցիումի անդամները ովքեր կլինեն, օրինակ Սուեզի ջրանցքը կոնսորցիում էր մի քանի երկրների՝ Ֆրանսիա, Բրիտանիա և այլն։ Հիմա ըստ էության Հայաստանի մի տարածքը դառնում է ինչ-որ հիմնարկի կոնսորցիում։ Սա արդեն սահմանադրական ճգնաժամ կարող է բերել։

Բայց մեր փորձից ելնելով, որ բազմաթիվ անգամ սահմանադրությունը խախտվել են, սկսած դեռևս 2019 թվականից, երբ որ շրջափակում էին դատարանները և ծեծում դատավորներին։ Դրանից առաջ, երբ որ ժողովուրդը հավաքվում էր կոչով, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և ասում էին՝ Ազգային ժողովը պիտի ընդունի այն որոշումը, որը ժողովուրդն է ուզում։ Հիմա հերթական անգամ սահմանադրությունը կարող է խախտվել և հարց է առաջանում, թե դա հետո ինչ կլինի, արդյո՞ք Հայաստանում կա հանրության գիտակցություն, արդեն կան քաղաքական ուժեր, որոնք կարող են քաղաքական պրոցեսներ (09:31) են հեռացնել, դա արդեն հարցական է, որը մենք չգիտենք ինչպես կլինի»։