Ադրբեջանը դեռ բավականին հստակ ու բացահայտ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ մենք, մեր հերթին, նույնքան հստակ հայտարարում ենք՝ անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վնասող ցանկացած գործողություն։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների տրանսֆորմացիան փոփոխվող ռազմավարական իրադրությունում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա դա անվանել է TRIPP ծրագրի իրականացման առաջին նախապայմանը՝ հավելելով, որ նախագծի ընթացքում չպետք է որևէ վնաս հասցվի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ազգային ինքնիշխանությանը։

Դեսպանի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Իրանի համար անընդունելի է ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում, քանի որ իրանցի ժողովրդի նկատմամբ Միացյալ Նահանգների թշնամանքը բազմիցս ապացուցվել է, այդ թվում՝ վերջին շրջանում։

«Թերևս բոլորն են լսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Թրամփի ելույթը, որը ցույց տվեց, թե որքան խորն է իրանցի ժողովրդի նկատմամբ այդ թշնամանքը։ Ուստի, ելնելով այս երկու պայմաններից՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վնաս չհասցնելուց, ինչպես նաև սահմանների մոտ ԱՄՆ ռազմական կամ անվտանգային ներկայության բացակայությունից, մենք դեմ լինելու պատճառ չունենք այս նախագծին, եթե այն նպաստելու է հայ ժողովրդի զարգացմանն ու բարօրությանը»,- նշել է դեսպանը։