Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հետևում ԱՄՆ ականջներ են երևում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա կարծիքով՝ մասնակցությունն ԱՄՆ-ն ապահովել է, պարզապես դա հրապարակային բնույթ չի կրում։
Փորձագետի գնահատմամբ՝ Վաշինգտոնը ցանկանում է իր հովանավորության տակ վերցնել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու և փաստաթուղթը ստորագրելու դեպքում Հայաստանով անցնող միջանցքն իր վերահսկողության տակ վերցնելու համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հեռանալու հետ մեկտեղ, Թուրքիայի ազդեցությունն աճում է, որի միջոցով էլ ԱՄՆ-ը կխաղա իր խաղը, պարզաբանել է վերլուծաբանը։
Կիվիրյանը հավելել է, որ զուգահեռաբար Բաքուն ձգտում է չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և իր դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի միջոցով կանխել Իրանի ազդեցության ուժեղացումը։ «Նման կերպ, Ադրբեջանը Հարավային Կովկասի տարածաշրջանի խոշոր խաղացող է ձգտում դառնալ», - ասում է նա։
Նրա կարծիքով, այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում քննարկվել է, թե ինչպես և ինչ հերթականությամբ է Հայաստանը կատարելու Ադրբեջանի հանձնարարականները, ներառյալ՝ Սահմանադրության փոփոխությունների, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման, Սյունիքով անցնող ճանապարհի և այլնի վերաբերյալ։
Վերլուծաբանը նկատեց, որ դրանք բանակցություններ չեն, այլ միակողմանի զիջումներ, քանի որ Բաքուն որևէ զիջում չի անում։ Նրա կարծիքով, Բաքուն, ըստ էության, ձգտում է հասնել ՀՀ կապիտուլյացիայի, նույնիսկ եթե պաշտոնապես դա այդպես չի երևում։
«ՀՀ իշխանությունները փորձում են հասնել Բաքվի պահանջների կատարմանը այնպես, որ կարողանան շահավետ կերպով վաճառել դա հայ հանրությանը և հաղթել ընտրություններում։ Փաշինյանը, Ադրբեջանի աջակցությամբ, ցանկանում է վերարտադրվել։
Վաղուց պարզ էր, որ Փաշինյանը հանձնելու է Սյունիքով անցնող ճանապարհը, ինչպես թշնամին է ուզում։ Ռուսաստանի դերն այս գործընթացում չեզոքացվեց, երբ Հայաստանը չկարողացավ իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։
Այս դեպքում Ռուսաստանը պատրաստ էր պահպանել վերահսկողությունը թե՛ Լաչինի միջանցքի, թե՛ Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ։ Եվ հիմա Փաշինյանը պատրաստ է ճանապարհը հանձնել մեկ ուրիշի։ Բայց ինչի՞ դիմաց։ Ոչինչի դիմաց։ Դա է տարբերությունը»,- եզրափակել է Կիվիրյանը։











