«Զինուժը» ռեպորտաժ է պատրաստել հարավարմտյան սահմանագոտում զինծառայություն իրականացնող զինծառայողների մասին։
Այս զորամասում այսօր 4 զինվոր զորացրվում է։
Ստորաբաժանման հրամանատարն իր խոսքում նշում է. «Ցանկանում եմ, որ ձեր հետագա կյանքում պետք լինեք մեր պետությանը և ձեր գիտելիքներով, ունակություններով զարգացնեք էլ ավելի մեր պետությունը»։
Արամ Գևորգյանը մեկ ն այն տղաներից, որ տուն է գնում։ Զինվորը երկու տարի ծառայել է, պատվով կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, և այսօր հպարտորեն հեռանում է արդեն հարազատ դարձած զորամասից. «Ինձ համար պատիվ էր Հայաստանի Հանրապետության համար ծառայելը։ Ինձ թվում է՝ յուրաքանչյուր տղա էլ պետք է էլի հաղթահարել այս փորձությունը երկու տարվա»։
Արամը զինվորական մասնագիտությամբ նռնակաձիգ է, ծառայության առաջին ամիսներին սովորել, յուրացրել է իր զենքի առանձնահատկությունները, այնուհետև վստահորեն դիրք է բարձրացել, կանգնել սահմանին ու հերթապահություն իրականացրել, հավատարիմ երդմանն ու հայրենիքի պաշտպանի կոչմանը։
«Հերթապահություն իրականացնելու շնորհիվ իմ ծնողներին, բարեկամներին, հարազատներին, բոլոր շրջապատիս իրավունք եմ տվել գլուխները դնեն հանգիստ բարձին ու քնեն։
Շնորհակալ եմ բոլորից, իմ ընկերներից, հրամանատարներից, որ իմ կողքին են եղել ու մեկս մեկու օգնել ենք, որ հաղթահարենք այս երկու տարին անփորձանք հասնենք տուն»,–ասում է Արամը եւ վստահեցնում՝ հայրենիքին ծառայելը այսքանով չի ավարտվելու։
Զինվորին ծափերով ու գրկախառնություններով են դիմավորում շենքի բակում։ Ուղիղ երկու տարի Արամի ընտանիքն ու սիրելի աղջիկը հույսով ու հավատով են սպասել իրենց զինվորին։ Հիմա, երբ արդեն նա տանն է, բոլորն են երջանիկ։
«Երևի էս երկու տարին ավելի արագ անցավ, քան էս վերջին մի գիշերը, որ զանգեցի՝ վերջին բարի գիշերը ասեմ որպես զինվոր իմ տղուն, ասեց՝ մամ աչքիս էսօր ես էլ չքնեմ»,– նշում է Արամի Մայրը՝ Շողիկ Սարգսյանը։
Արամի տատն էլ նշեց. «Հուզված ենք, նախ չեմ կարում ոչ մի բառ դեռ գտնեմ խոսալու, մեր ավագ թոռն է Արամը և այո, հպարտ ենք, որ ծառայեց պատվով, պարտքը կատարեց»։











