Նախկինում մենք թրաֆիքինգի տղամարդ զոհեր գործնականում չունեինք, որովհետև չէին հավատում, որ հնարավոր է՝ հայ տղամարդը թույլ տա իրեն շահագործել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ–ի նախագահ Արզուման Հարությունյանը։
«Սա զոհերի ուղեղին մոտիկ չէր գալիս, բայց վերջին տարիների շնորհիվ նաև իրազեկման աշխատանքների, և իրավապահների ճիշտ աշխատանքի, մենք արդեն ունենք նման դեպքեր։ Մենք հիմա տեսնում ենք, որ տղամարդ զոհերը գենդերային առումով արդեն բավականաչափ հավասարվել են կանանց։ Նրանց աջակցության խնդիրները արդեն բավականաչափ իրար մոտեցել են։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև եթե մարդը չգիտակցեց, որ ինքը մարդկանց տրաֆիքինգի կամ շահագործման զոհ է, ապա շատ դժվար կլինի նրա բացահայտումը»,–ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե որքանով են պատրաստակամ զոհերը, որ աջակցություն ստանան, որը թույլ կտա կանխարգելել նրանց հետագա զոհացումը, Հարությունյանն ասաց. «Զոհի հանրային գիտակցումը բավականաչափ ցածր մակարդակի վրա է գտնվում։ Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ երբ խնդիր է առաջանում, որ իր պատմությունը ներկայացվի հանրությանը՝ իհարկե, պաշտպանելով անձի տվյալները, զոհը խուսափում է կոնտակտը մեդիայի հետ։
Ցավոք սրտի, սա ունի նաև իր նախապատմությունը, որովհետև մենք ունեցել ենք շատ դեպքեր, զոհին նույնացրել են իր պատմությունը ներկայացնելով նա կրկնակի զոհացման է ենթարկվել։
Իսկ այդ դեպքում հասարակությունը նրան չի ընդունում և զանազան խարաններ է կախում, ասելով՝ լավ էլ գիտեիր՝ ուր ես գնում, ինչ ես այստեղ մեր ականջներին լապշա կախում։ Սա մեր ազգային մենթալիտետից է գալիս, եթե մարդը մի հանցանքի մեջ մեղադրվում է, անկախ ամեն ինչից, մենք փորձում ենք մի բան էլ ավելացնել, փոխանակ պակասեցնենք և հետ բերենք, չմտածելով, որ եթե մենք զոհին այսօր չվերադարձնենք հասարակություն, նա պատրաստ կլինի մեկ ուրիշ հանցանք կատարելու։
Մենք ունեցել ենք դեպքեր, երբ զոհին այն օրն են գցել իր հարևանները, հարազատները, բարեկամները, որ նա ասել է՝ լավ, դուք ինձ չեք ընդունում, որ ես իսկապես ենթարկվել եմ թրաֆիքինգի, դե տեսեք.. ու ինքը դարձել է թրաֆիքինկյոր»,–ընդգծեց Արզուման Հարությունյանը։











