Մենք կցանկանայինք ևս մեկ անգամ հստակ շեշտել, որ Հայաստանով անցնող հաղորդակցությունները լինելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունը ապահովելու է Հայաստանը, այլ ոչ թե որևէ երրորդ երկիր։ Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկին նշել է, որ Իրանի նախագահի հետ մանրամասն քննարկել են տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք Հայաստանի կառավարության առանցքային գերակայություններն են։ Փաշինյանը հավելել է, որ այս հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ամփոփված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս ողջունվել է բարեկամ Իրանի բարձր մակարդակով ներկայացուցիչների կողմից։

Նա նկատել է, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության վերաբերյալ։ «Հայաստանի և Իրանի համար միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և մեր պետությունների միջև կապի անխափանությունը կենսական նշանակություն ունեն», - հավաստիացրել է Փաշինյանը։