Այսօրվա փխրուն աշխարհում խաղաղության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս. պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են Դամոկլյան սրի պես կախված մնալ ժողովուրդների գլխին, բերելով արհամար զոհեր ու տառապանք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Այս տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է բազում փոփոխությունների։ Հայաստանի Հանրապետությունը նույնպես հարմարվում է նոր իրողություններին, հավատարիմ իր անկախությանը, ինքնիշխանությանը ու հարևանների հետ խաղաղ ապրելու ձգտումներին։
Հայաստան-ՆԱՏՕ կապերը սկիզբ են առել ավելի քան 30 տարի առաջ։ Մեր երկիրը մշտապես կարևորել է դաշինքի հետ գործընկերային հարաբերությունները, այդ թվում խաղաղապահ առաքելությունների մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը։ ՆԱՏՕ–ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է, և մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը։
Խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն իրականացվում են կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հետ գործընկերությամբ, որը սկսվել է 2022 թվականին, երբ մեր Ազգային ժողովը դարձավ ՆԱՏՕ խորհրդի ասոցացված անդամ»,–ասաց նա։
Ներկայացնելով վերջին զարգացումները Հարավային Կովկասում, Ռուբինյանն ասաց. «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համատեքստում 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին փաստաթուղթը, այն է սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անցել է կողմերի օրենսդրությամբ սահմանված վավերացման ներքին ընթացակարգը և մտել ուժի մեջ։ Հանձնաժողովների կողմից մինչ այս սահմանազատվել և սահմանագծվել է պետական սահմանի առաջին 12 կիլոմետրանոց հատվածը և հույս ունենք, որ շուտով սահմանի մյուս հատվածներում նույնպես այս գործընթացը կշարունակվի։
2023 թվականին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը տարածաշրջանում փոխկապակցվածությունն է, հիմնված պետությունների ինքնիշխանության, իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքների նպատակով իրավազորության հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից «խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքում բեռնափոխադրումների, խոհովակաշարերի, էլեկտրական հաղորդարարների և ինտերնետային մալուխների հզորությունների զգալի ավելացում։
Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային և տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի մեջ են, Հայաստանը և Հարավային Կովկասը կարող են դառնալ մի նոր տարանցիկ հանգույց Արևելքի և արևմուտքի, հյուսիսի ու հարավի մինչև։
Այս տարվա օգոստոսի 8-ին, այդ թվում այս համատեքստում, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի աջակցությամբ և վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին։ Նույն օրը երկու երկրների ԱԳ նախարարները նաև նախաստորագրեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Սա պատմական քայլ էր դեպի կայուն և երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում։
Կարծում եմ նաև պարոն Մուրադովի ներկայությունը այստեղ ևս մեկ առհավատչա է դրա և բնականաբար ողջունում ենք դա և հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում»,– հայտարարեց նա։
Ռուբինյանի խոսքով, Հռչակագիրը կարևորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը հանուն խաղաղության, կայունության և բարօրության։ Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի միջազգային խաղաղության և բարեկեցության «Թրամփի ուղի»՝ TRIPP հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում։ Սույն նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է, այն վստահության և համագործակցության կամուրջ է, որի իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ողջ տարածաշրջանում։
Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտությունները և կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա։ Մեր պարտքն է չկորցնել այս հնարավորությունը և այն վերածել կայունության և զարգացման պատմական իրականության»,–ասաց նա։











