Ես կարծում եմ, որ բոլոր ժողովրդավարական երկրները հիմա այդ թեմայով ունեն մտահոգություններ, որովհետև տեղյակ եք, որ հիբրիդային հարձակումները ժողովրդավարության դեմ հիմա ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ–ում կարող են իշխանության գալ ուժեր, որոնք կարող են տապալել ժողովրդավարությունը։

«Բայց ժողովրդավարությունը ունի կոմպոնենտներ և այդ կոմպոնենտների հետ կապված հարաբերություններն էլ պարզ չեն։ Օրինակ, կա անկախ դատական համակարգի և ընդհանրապես անկախ դատաիրավական համակարգի անկախության և քաղաքական իշխանության սահմանափակումները որպես սկզբունք։ Հիմա հարցեր են ծագում, այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունը ինչում և ինչին պետք է միջամտի և որտեղ է այն գիծը, որտեղ այդ միջամտությունը պետք է անթույլատրելի լինի»,–ասաց նա։

Անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանությանը, Փաշինյանն ասաց. «Փարաքարում տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում և դրանք ինձ էլ են հետաքրքրել։

Կարծում եմ՝ տեսանելի է, որ նաև պաշտոնանկություններ են եղել, բայց ես ուրիշ բան եմ ասում: Փետրվարին տեղի ունեցած իրադարձություններ են եղել Փարաքարում, զոհ է եղել, հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա և դատավարությունը ընթանում է, բայց մեղադրյալների մի մասը ընդհանրապես կալանքի տակ չի, մյուս մասը տնային կալանքի տակ է, եթե չեմ սխալվում, մի հոգի է, որ կալանքի տակ է։

Մյուս կողմից մենք անընդհատ քննարկում ենք, թե ինչքանով մեր բանտերը պետք է ծանրաբեռնված լինեն։ Մենք դեպքեր ունենք, երբ հանցագործություն են կատարում մարդիկ, ովքեր այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Դե մեր քննչական մարմիններն էլ, ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում են։ Ասում են՝ խափանման մեղմ միջոցներ են կիրառվում, այդ մարդիկ գալիս հանցագործություն են անում, ինչո՞ւ պետք է պատասխանատվությունը լինի միայն ոստիկանության վրա։ Իսկ ինչու՞ ովքեր չարդարացված, ինչպես հետագայում պարզվում է, մեղմ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն։

Կա նաև ուրիշ խնդիր, ընկալման հարց, որովհետև մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ-որ պրոցես կա, եթե ազատության մեջ է, ուրեմն վերջ, արդարացված է։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է, մենք պետք է հասկանանք ինչքան և ի՞նչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել և որ դեպքերում է, որ կարելի է նաև այլընտրանքային խափանման միջոցներ ընտրել։ Սրանք լուրջ պրոբլեմներ են, որոնց որոնց պատասխանները մենք պետք է գտնենք, բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը։ Որովհետև մյուս կողմից ասում են սա բռնապետություն է, իշխանությունը բանտերը լցնում է մարդկանցով։ Մյուս կողմից էլ ասում են՝ ամենաթողություն է, ազատության մեջ են։

Սրանք շատ լուրջ դիլեմաներ են»,– հայտարարեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «մարտի 1»–ի գործին, նա նշեց. «Դուք գիտեք, թե ես անձամբ ինչքան շահագրգռված եմ, բայց իմ շահագրգռվածությունը կրկնակի, տասնապատիկ նաև կաշկանդվածություն է ինձ համար, որովհետև չլինի, թե ես վարչապետ եմ և վարչապետի կարգավիճակի բերումով ես ինչ-որ ազդեցություններ եմ գործում, որը նույնպես խնդրահարույց է։

Ես շատ ուրախ եմ ՄԻԵԴ–ի կայացրած որոշման առիթով և կարծում եմ, որ Հայաստանի դատական դատաիրավական համակարգում դրանք պետք է բերեն կոնկրետ հետևանքներ»։