Դեպքի օրը եղել եմ տանը, զանգահարել են, ասել են, որ դեպք է եղել, անհրաժեշտ է օգնություն, գնացել եմ ջոկատ, որտեղից գնացել ենք դեպքի վայր։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստի ժամանակ նշեց որպես վկա հարցաքննվող ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ–փրկարար, սերժանտ Լևոն Հովհաննիսյանը։

«Դեպքի վայրում արդեն աշխատանքներ էին տարվում, հրշեջ մեքենաներ են կանգնած էին, հրդեհաշիջում էր արվում։ Հետախուզություն ենք կատարել, մտել ենք ծխապատ տարածք, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում։

Ծխապատ տարածք մտել ենք մուտքի կողմից, որտեղ դրված էր վառարանը,։ Վառարանի մոտ հայտնաբերել ենք մեկ տուժած, հայտնել ենք։ Այնուհետև շարունակել ենք մեր աշխատանքը, փորձել ենք մտնել այն սենյակը, որտեղ տուժածներն էին։ Այդ կողմից չկարողացանք մտնել, խոչընդոտներ կային, մտել ենք զինանոցի սենյակը, որ հասկանանք՝ զինանոցում մարդ կա, թե չէ։ Ակնադիտական տարբերակով տեսել ենք, որ ներսում մարդ չկա, երևում էր տարածքը։ Դուրս ենք եկել, զեկուցել ենք հրամանատարին, այնուհետև որոշվել է, որ դուրս բերենք տուժածներին։ Արդեն պատը քանդված հատված կար հետևի կողմից, այդտեղից սկսել ենք դուրս բերման աշխատանքները»,–ասաց նա։

Փրկարարը շարունակեց. «Ծուխ ու գոլորշի էր, որովհետեւ մյուս կողմում հրդեհաշիջում էր կատարվում, տեղ-տեղ կրակներ կային փոքր։ Հենց ներս ենք մտել, այդ փլված պատի հետևի հատվածում տուժածներ կային, երկու տուժած։ Առաջնահերթ իրենց ենք դուրս բերել, իրենց վրա քարեր, հողեր կային լցված, այդ փլված պատի հետևանքով երևի։ Այդպես եմ պատկերացրել տեսածը։

Այնուհետև շարունակել ենք աշխատանքը հերթով դուրս բերելով, քանի որ հնարավորություն չկար առաջ շարժվելու, տարածքը շատ նեղ էր, իրենք մահճակալները շարված էին, անցումները շատ նեղ էր, մի կերպ էիր կարողանում քայլել ու հողը փլված, լցված էր։  Տանիքից էր երևի լցվել հողը։ԱՅդ հատվածում տանիքը չկար արդեն։

Սկզբից դուրս ենք բերել քանդված պատի հետևում եղած տուժածներին, շարունակել ենք դեպի դիմացի պատը, այնտեղ էլի տուժածներ կային։ Մեկ տուժած այդ հատվածում, որ ռեալ հիշում եմ, տպավորված է, կիսանստած էր անկողնու վրա՝ գլուխը հետ դեպի անկողնու երկաթները։ Իսկ դիմացի պատի անկյունային հատվածում երկու տուժած կար կիսանստած անկողնուց ոտքերը դեպի ներքև։ Իրենց ոտքերի տակ էլի տուժած կար։

Մի տեսակ իրար ոնց որ փաթաթված վիճակ լիներ, ոտքերը իրար կպած, փաթաթված, իրենց ենք դուրս բերել։  Շարունակելու ենք ըստ հերթականության, մաքրելով տարածքը, առաջ անցնել, որպեսզի կարողանայինք գտնել տուժածներին։ Ակնառու աչքով չէին երևում տուժածները։

Քանդված հատվածից, որ մտնում էինք, ձախ կողմում կար մահճակալ երկու հարկանի, անմիջապես քանդվող պատին կպած։  Հենց մտնում էինք ձախ կողմում երկարությամբ շարված էին անկողիները , այդտեղ առաջին հարկի անկողնու վրա, պառկած վիճակում կար տուժած։ Ինքը, ոնց որ պաշտպանված, կուչ եկած վիճակում էր։Այդտեղ անցնելու տեղը շատ նեղ էր։

Պատի կողմից կար անցնելու տեղ, այնտեղ էլի կային դոշակներ լցված, դրանց արանքից նույնիսկ զինվորական գրքույկ ենք գտել և մի փոքր հեռախոս կնոպկաներով։

Դռան դիմացի պատուհանի անկյունում էլ է եղել տուժած, պատուհանի մոտը կար մի տուժած, որ էլի տպավորված է։ Ինքը էլի կուչ եկած էր՝ անկողնու և պատի արանքում՝ պատուհանի հատվածում»։

Փրկարարը նշեց, որ հրամանատարությունից կային մարդիկ, որ ներսում են եղել, որոնք ճանաչել են տուժածներից մի քանիսին։