Ընտրություններին դեռ ահագին բավականին ժամանակ կա և կարող են դաշտում հայտնվել նաև այլ ուժեր, որոնք կմասնակցեն ընտրություններին, ասել, որ որևէ մեկին մրցակից չեմ համարում, մի փոքր մեծամտություն կլինի, սա ընտրական պրոցես է, քաղաքական դաշտ է, և տեղի են ունենալու ընտրություններ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ–ն մրցակից համարում է Արման Թաթոյանին և «Մեր ձեւով» շարժմանը։
«Ընտրությունները բաց են, թափանցիկ են, դաշտը բաց է, կարող են մասնակցել բոլոր այն մարդիկ, որոնք կարող են քաղաքական հայտ ներկայացնել։ Այդ պրոցեսները հնարավորինս կազմակերպվելու են անխոչընդոտ և նորմալ։ Եթե լինեն ընտրակաշառքի պահեր, վստահ եմ, որ իրավապահ համակարգը դա կկանխի, կբացահայտի և դաշտը ավելի պարզ ընտրական պրոցեսների մեջ կներգրավվի։
Ինչ վերաբերում է ձեր նշած ընդդիմադիրներին կամ հայտ ներկայացրած թեկնածուներին, գիտեք, երբ նայում եմ իրենց հայտարարությունները, ելույթները, խոսքը, ակնհայտ մոլորության մեջ են փորձելու քաղաքացիներին գցել։ Մասնավորապես վերջերս «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը ներկայացնում էր իրենց սկզբունքները, գաղափարները, բայց այնտեղ գաղափար չկար իրականում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ իրենք ՀԷՑ–ը սեփականացրել են նախկին նախագահների օրոք, և հիմա կանգնել և հայտարարել, որ մենք որևէ նախագահի հետ որևէ կապ չունենք, դա ուղղակի զավեշտալի է։ Իրենց թվում է, որ իրենք իրենց կրկեսի արենայում ներկայացում են ներկայացնելու, իրականում պետք չէ մոլորեցնել քաղաքացիներին։ Ես անձամբ հանձն եմ առնելու իրենց բոլոր մանիպուլյացիաները, հատ–հատ կբացահայտեմ, կներկայացնեմ քաղաքացիներին»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ «Մեր ձեւով շարժումը» մեծ տնտեսական ծրագրեր է ներկայացնում, խոստանում է բազմաթիվ գործարաններ բացել, Մանավազյանն ասաց. «Ի՞նչ տնտեսական ծրագիր, ի՞նչ գործարաններ բացելու մասին են խոսում, իսկ մինչ այս պահը իրենք լինելով գործարար, ինչի չեն վերագործարկել այդ գործարանները, կամ ինչի ներդրում չեն արել այդ գործարաններում։ Իրենք արդեն չեմ հիշում, թե որ թվականից առ այսօր ունեցել են հնարավորություն բացելու կրկեսը, բայց այսօր նոր շատ արագ բացում են, որովհետեւ ունեն շահ, մոտիվացիա այն վերաբացելու։ Էլ չեմ ասում, թե ինչ անհասանելի գներ են դրել տոմսերի մասով։
Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչ տնտեսական գաղափարախոսության մասին են իրենք խոսում, դա պետք էր գործով ցույց տալ։ Երբ ես ուսումնասիրում եմ ՀԷՑ–ում իրենց աշխատանքը որպես կառավարիչ, ես մտածում եմ՝ եթե ՀԷՑ–ն են այդպես կառավարել, ո՞նց կարող են տնտեսություն կառավարել։ Սրանք հարցեր են, որոնք պետք է բավականին խորքային և ուսումնասիրել, և քննարկել, և լսել, հասկանալ, ի՞նչ տակ իրենց հայտարարությունների տակը դրված։
Իրենք բացել են իրենց աֆիլիացված ընկերություններ և այդ ընկերություններից կատարել են գնումներ։ Ինչու, որովհետև միայն այդ ընկերություններն են ներմուծել այն ապրանքը, որը ՀԷՑ–ը կգներ, այլ ապրանք ՀԷՑ–ը այլ տեղ չէր գնի։
Սակագնի հետ կապված խնդիրը ևս գալիս է իրենց ծախսային մասից, երբ դու որպես կազմակերպություն, որոշում ես շրջել բենթլիներով կամ վարձակալել թանկարժեք գույքեր, կան անել թանկ վարչական ծախսեր, դրանք բոլորը ձևավորում են սակագին։ Ո՞նց կարելի է նման կառավարում ունեցող ընկերությունում, երբ վերևի օղակում բարձր աշխատավարձեր, ծախսեր են արվել, իսկ ներքևի օղակում եղել են ցածր աշխատավարձեր և վատ աշխատանքային պամաններ։ Այդ պայմաններում աշխատող պահելով, դուք խոսում եք այսօր աշխատավարձերի բարձրացումից, տնտեսությունը կառավարելուց, դա մի քիչ աբսուրդ է»,– հայտարարեց ՔՊ–ական պատգամավորը:
Անդրադառնալով «Մեր ձեւով» շարժմանը, նա նկատեց, որ շինծու է պնդումը, թե իրենք կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ. «Դա շինծու հեքիաթ է, եկեք չմոռանանք Գյումրիի սցենարը։ Գյումրիում էլ երկու ուժեր իրար հետ ընդհանրապես կապ չունեին և չէին դադարում անընդմեջ այդ մասին հայտարարել և խոսել, ընդհուպ մինչև խորքային տարաձայնություններ ունեին իրար հետ, բայց վերջում պարզվեց, որ ամենաանհնար բանը դարձավ իրականություն և իրենք միավորվեցին։
Չի բացառվում, որ հիմա էլ մարդկանց փորձելու են մոլորեցնել, շինծու հայտարարություններ տարածել՝ մտքում ունենալով այլ նպատակ։ Ես նկատեցի նույնիսկ Արամ Վարդևանյանին իրենց մեջքի հետևում կանգնած, այսինքն մարդիկ նույնիսկ այդ փաստը չեն թաքցնում և փորձում են ուղղակի խոսքերով մանիպուլացնել, շեղել»։
Նա անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե իրենք «փոքր խմբակին երկրորդ անգամ ընդդիմություն են դարձնելու»։ «Թող այդքան վստահ չլինեն։ Բացի այդ, իրենք նախ թող կողմնորոշվեն, իրենք Ռուսաստանի քաղաքացի են, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նոր գան Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալեն։ Մարդը բիզնեսը դրել է Ռուսաստանի Դաշնությունում, եկել է այստեղ քաղաքական գործունեություն է ծավալում, նպատակը ո՞րն է։ Երբ որ ինքը կկարողանա հանրությանը բացատրել, ներկայացնել իր այստեղ լինելու նպատակը ո՞րն է։ Ասեմ ավելին, վարչապետի թեկնածու չեն հայտարարում, որովհետև իրենց նախընտրելի թեկնածուները տեղեկանք չեն կարող վերցնել անձնագրայինից, որովհետև 180 և ավել օր հավանաբար չեն եղել Հայաստանում։ Իրենք Ռուսաստանի Դաշնության լիակատար քաղաքացի են և թող գնան իրենց քաղաքացիական պարտքը այդ երկրում կատարեն»,– ընդգծեց Մանավազյանը։











