Ըստ նախաքննական մարմնի Ապարանի համայնքապետարանի ճարտարապետը 300 հազար դրամ կաշառք է վերցրել, որը իրականության հետ աղերս չունի. Իմ պաշտպանյալը ընդունում է, որ իրեն տվել են ճարտարապետական աշխատանք՝ իր գործից դուրս, այլ համայնքի հետ կապված, ինքը իր քնի, իր առողջության հաշվին նախագիծ է այդ ծրագրերով կազմել, որի համար իրեն վճարել են։ Նա դա չի հերքում և ցուցմունք է տալիս։ Ինքը այդ 300 հազարիդ 150 հազար դրամը պարտքով տվել է իր աշխատակցին, որի նշանդրեքն է եղել մի քանի օր առաջ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Մելքոնյանը։

Նշենք, որ Ապարանի բնակիչները հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ հաջակցություն նախօրեին ձերբակալված Ապարանի համայնքապետարանի աշխատակիցների։

9 ձերբակալված անձ կա, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են։

Այս պահին նրանց ներկայացնում են Հակակոռուպցիոն դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։

«Սա դիտում են, որ վերցրած գումարը կիսվել է, բայց  հենց ներկայացված ապացույցներով հերքվում է այդ ամեն ինչը, որտեղ ասում է՝ նշանդրեքին, որ պարտքով վերցրեցի, ես 150 000-ը վերցրու։ Ինքը գիշերը չի քնել, նստել նախագծեր է գծել և մարդկանց է տվել, Երևանում թանկ են ուզել։ Համայնքի հետ բացարձակ կապ չունեցող բան է։  Կարծում եմ, որ նախաքննությունը ևս կհամոզվի դրանում։

Ոստիկաններից շատերը գործից հետո երեկոյան տաքսի են քշում, հիմա ստացվում է, որ կաշա՞ռք են վերցնում։ Էս մարդը գործից հետո իր համար տունը գնացել, գծագիր է գծել, վարձատրություն է ստացել իր կատարած աշխատանքի համար։ Սա եղավ կաշա՞ռք։ Բերել է պարտքը մարել է, եղավ կաշառքը կիսվե՞ց։ Ես կարծում եմ, որ նախաքննությունը նոր փուլում է, ժամանակ է պահանջում, իրենք կհամոզվեն իմ ասածների ճշմարտության մեջ։ Այդ դեպքը եղել է մոտ 2 ամիս առաջ»։

Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այս ազարգացումներում, պաշտպանը պատասխանեց. «Իմ պաշտպանյալը երիտասարդ տղա է, բացարձակապես քաղաքականության հետ կապ չունի»։

Նա նշեց, որ այս պահին դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ, սպասում են որոշմանը. «Հույս ունեմ որ դատարանը կգտնվի իր բարձրության վրա որովհետև տեղեկացա որ նաև այդ գործով մի քանի անձանց նկատմամբ այլընտրանքային խափան միջոցներ են ընտրվել։ Ես չեմ կարծում, որ խտրականություն պիտի լինի և իմ պաշտպանյալին ջահել երիտասարդ ճարտարապետ տղա է, լավ մարդ, բացարձակապես դրական գնահատվող, պիտի այլ խափանման միջոց ընտրվի»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ Ապարանի համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել, համայնքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից  այս առնչությամբ հայտնել էին, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում: Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են: