Սա վկայություն է այն բանի, որ մենք թափանցիկ կուսակցություն ենք և առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքներով և ես առիթը օգտագործելով կոչ կանեմ մյուս կուսակցություններին հետևել այս բացառիկ օրինակին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ն այսօր հայտարարել է, որ կարող են հայտեր ներկայացվել ՔՊ ընտրական ցուցակում ընդգրկվելու համար, այնտեղ նշված են պայմաններ, գումարի չափ և այլն։
«Մենք սրանով նաև ըստ էության, կատարում ենք ընտրական օրենսգրքի պահանջը, որովհետև առնվազն ցուցակների առաջին 30 համարները պետք է ընտրվեն կուսակցությունների համաժողովների կողմից։ Մենք պատրաստվում ենք այդ թեկնածուներին գրանցելուց հետո դնել քվեարկության մեր համաժողովում, ինչպես մենք կատարեցինք մեր վարչության ընտրությունների ժամանակ։ Մեր կուսակցության պատվիրակներն են որոշելու, թե առնվազն առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում։
Ինչ վերաբերում է նոր կադրերին, ես այդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում, որ մենք ունենանք նաև նոր գործընկերներ, բայց նաև կա պայման, որ եթե նրանք կուսակցության անդամ չեն, ապա պետք է ունենան կուսակցության վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորությունը, իսկ եթե կուսակցության անդամ են, ապա մեր ցանկացած կուսակցական կարող է առաջադրվել»,–ասաց նա։
Հարցին՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եէ, Թորոսյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, չեմ տեսել երբեք վերջին ընտրություններից հետո։ Կարծում եմ, որ մենք ընտրական ցիկլերը պետք է փակենք, այնպես, ինչպես նախատեսված է օրենքով, դա նաև քաղաքական համակարգի կայունացմանն է ուղղված։ Արտահերթ ընտրությունները սովորաբար արտակարգ իրավիճակներում են տեղի ունենում, ինչպես նախորդ երկու արտահերթ ընտրությունները։ Ես հիմա չեմ տեսնում որևէ արտակարգ իրավիճակ»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ–ական թեկնածուները պետք է վճարեն կես մլն դրամ, իսկ ոչ կուսդակցականները՝ 1,5 մլն դրամ, նախարարն ասաց. «Շատ պարզ հաշվարկով, որովհետև մենք ունենք անդամավճարի ինստիտուտ՝ կուսակցության բյուջե։ Մեր կուսակցությունը հենված է ոչ թե որոշ օլիգարխների վրա, ինչպես շատ այլ կուսակցություններ, այլ մեր անդամավճարների վրա, և մենք ունենք այսպիսի ինստիտուտ, որ մեր աշխատավարձից ստացած եկամուտների 3%-ը վճարում են կուսակցության բյուջե։ Այնպես է ստացվում, որ ոչ կուսակցականները դա չեն անում, որը հինգ տարվա ընթացքում մոտավորապես մեկ միլիոն դրամ է կազմում, և ըստ էության դրանով փոխհատուցում են։
Մենք պարզապես ուզում ենք արդարություն լինի, որ ոչ կուսակցական պատգամավորը նույնպես մասնակցի կուսակցության ծախսերի ապահովմանը, , քանի որ ընտրվում է կուսակցական ցուցակով»։
Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ ինքը լինելով ՔՊ վարչության անդամ որեւէ մեկին չի երաշխավորելու, որ լինի ՔՊ–ի թեկնածու, քանի որ կարծում է, որ հնարավորինս կուսակցական պետք է լինի ՔՊ–ի ցուցակը։











