Նախ հստակ է և որոշ է, որ Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և շատ հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Ինչ վերաբերում է իրավական գործընթացներին, գիտեք, որ նաև Մայր Աթոռի անունից փաստաբանները դիմել են ոստիկանություն, այդ ապօրինի այդ ներխուժումը կանխելու համար։ Փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են և ապօրինի գործունեություն են իրականացնում։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի։
Ինչ վերաբերում է իրավապահներին, այո մենք ունենք այդ մտահոգությունը որ իրավապահ համակարգը այս ամեն ինչի մեջ, մեղմ ասած, հապաղում է կամ անգործության է մատնված, ինչը անհասկանալի է»,–ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թեՀովհաննավանքում շարունակելու են աղոթքները, ապա դրանք շարունակելու են նաև Մայր Աթոռում, և արդյոք դա համարում է որպես սպառնալիք, Տեր Եսային ասաց. «Այդ սպառնալիքները նոր չեն, այսօր չէ, որ հնչում են։ Եվ վարչապետի, և իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմիցհնչում են, որ պիտի գան Մայր Աթոռը զավթեն։ Սա և ժողովրդավարության սահմաններից դուրս է, և՛ օրինականությունից դուրս է, և՛ որևէ առողջ բանականությունից դուրս է։ Նման հայտարարությունների հիմքում որևէ հոգևոր և անկեղծ զգացումներ ես չեմ տեսնում»։
Ինչ վերաբերում է Հովհաննավանքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծխմանը, նա նշեց. «Իրավիճակը բոլորիս աչքի առաջ է, շատ հստակ է, որ նման իրավիճակները լուծվում են իրավական և օրինական ճանապարհով միայն։ Սա մեզ համար ամենակարևոր հանգամանքն է: Հիմա ինչքանով իրավապահ համակարգը այստեղ նախաձեռնություն կդրսևորի և օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի, դա կտեսնենք: Ամեն դեպքում այս պահին մենք ունենք այդ մտահոգությունը, որ կա այդ հապաղումը։ Բայց ամեն դեպքում սա է այն հիմնական և կարևոր ճանապարհը:
Ինչ վերաբերում է Հովհաանավանքը զավթելուն, այս մասով էլ էլի հաղորդում տրվել է փաստաբանի անունից։ Սա նաև հանցագործություն է, որովհետև այս դեպքում խախտվում է եկեղեցում ծառայող մյուս հոգևորականների գործունեությունը և ծիսական արարողակարգը»։
Հարցին, թե իրավապահ համակարգը որեւէ քայլ չանի, ի՞նչ է անելու Մայր Աթոռը, Տեր Եսային պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք, հիմա ես որևէ կանխատեսում անել չեմ կարող։ Մյուս ճանապարհները, որոնք հարցի լուծմանն են ուղղված, մեզ համար անընդունելի են այն առումով, որ կարող են, օրինակ, ասենք, գնալ ինչ-որ խմբով, Հովհաննավանք, իրենց դուրս վռնդել այնտեղից, բայց սա բախումների կարող է տանել։ Դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք՝ հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կկատարեն»։











