Ընդդիմադիր մամուլն է դեպրեսիայի մեջ, ես այսօր շատ շնորհակալ եմ, որ այս հնարավորությունը եղավ արձագանքելու մամուլի հրապարակումներին, որոնք վերջին օրերին երբեմն թույլատրելի, ցավոք սրտի նաև բարոյական սահմանները հատում են։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ինքը կաշվից դուրս է գալիս, որպեսզի ՔՊ–ական Արգիշտի Մեխակյանը հաղթի Վաղարշապատի ավագանու ընտրություններում, մինչդեռ վերջինս դեպրեսիայի մեջ է, կապված նրա հետ, որ իր հոր մասին բաներ են հիշեցնում ու իր քարոզարշավը չի ստացվում։
«Խոսքը վերաբերում է մամուլի նաև որոշ գործընկերների, որոնք պարբերաբար պարոն Մեխակյանին փորձում են այդ հարցը տալով, թվացյալ վատ իրավիճակում դնել նրան, այնինչ մեր վերջին հանդիպում էլ ցույց տվեց, որ այդ գործընկերներն են շատ հաճախ վատ վիճակում հայտնվում։
Մենք Վաղարշապատում պարոն Մեխակյանի գլխավորությամբ գնում ենք ընտրությունները հաղթելու ճանապարհով։ Քարոզարշավի առաջին 9 օրը ամփոփել ենք և մեր բոլորի տպավորությունը այդպիսին է։ Քաղաքացիները ջերմ դիմավորում են պարոն Մեխակյանին, մեր թիմին։
Ինչ վերաբերվում է այն ձևակերպմանը, թե ես ինչ եմ անում կամ մամուլում եղած ձևակերպմանը, որ կաշվից դուրս եմ գալիս, ինձ համար առանցքային կարևորություն ունի ՔՊ կուսակցության ցանկացած թեկնածուի հաղթանակը, և ես փորձում եմ նպաստել այդ հաղթանակին, իհարկե օրենքով սահմանված կարգով։ Այդ նպատակով նաև երկուշաբթի օրվանից արձակուրդում եմ գտնվելու երկու շաբաթով, որպեսզի միանամ Վաղարշապատում քարոզարշավ իրականացնող մեր թիմին»։
Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 16–ին։











