Ամիսներ առաջ այն մտահոգությունները, որ մենք ունեինք և կոմունիկացրել ենք Ռուսաստանի գործընկերների հետ առանձին հեռուստահաղորդումների բովանդակության մասով, դրանից հետո մենք որեւէ ահազանգ չենք ստացել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների արգելման խնդրին։
Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ ռուսական հայտնի մի հեռուստահաղորդում արգելափակվել էր, երբ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ և անգամ չէր բացառվում, որ Հայաստանը կվերանայի միջկառավարական համաձայնագրի որոշ կետեր։
«Սա հաշվի առնելով, մենք այս փուլում նման հարցադրում դեռևս չենք դնում գործընկերների առաջ, որովհետև վերջին ամիսներին դրա առիթը պարզապես չկա՝ սպասելով, որ ըստ էության մենք կողմերը կկատարեն պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունները»,–ասաց նա։
Դրանից հետո արդեն կառավարությունը որոշում կկայացնի՝ ընդհանրապես երբևէ կդիտարկի՞ արդյոք որևէ միջազգային կամ օտար երկրի հեռուստաալիքի հեռարձակում իր սեփական հանրային մուլտիպլեքսով, թե ոչ։ Անձնական իմ կարծիքն այն է, որ հանրային մուլտիպլեքսով այդքան էլ նպատակահարմար չէ, որ միջազգային հեռուստաալիքներ հեռարձակվեն»,–ասաց նա։











