Ես եկել եմ Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու, քանի որ հրավեր էր եղել, ես ինձ ուղարկված հրավերը տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում, որպեսզի հանրությանը հայտնի լինի ամեն մի գործողություն, որ կատարվում է իմ անձի շուրջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կեղծ պատարագի մասնակից Տեր Տարոնը։

«Քանի որ ես Հայ առաքելական եկեղեցում ծառայող քահանա եմ և իմ ծառայությունը հասարակության համար է, ժողովրդի համար է, ուստի ես կուզեմ, որ ինձ հետ կապված որևէ հարց, որ կարևոր նշանակություն ունի հանրությանը, մարդկությանը, քրիստոնեությանը, քրիստոնյաներին հայտնի լինի։ Ուստի ես հիմա եկել եմ հանդիպելու կարգապահական հանձնախմբի հետ։

Եթե հանձնախմբում լինեն մարդիկ, որոնց անձը, կերպարը, իրենց գործողությունները, իրենց մասին վերջին ժամանակներում համացանցում տարածված ինֆորմացիաները և այլն շոկի են ենթարկել հանրությանը, ապա ես այդ մարդկանց հետ թե իմ անձնական, թե իմ ծառայական, թե քրիստոնեական, թե բարոյական որևէ հարց քննարկելու բան չունեմ»,– հայտարարեց Տեր Տարոնը։

Հարցին՝ ո՞ւմ նկատի ունի, նա պատասխանեց. «Ես եկել եմ հանձնախմբի հետ հանդիպելու, ես կգնամ, կմտնեմ ներս, կտեսնեմ ովքեր են եկել ինձ քննելու և իմ որոշումը իմ որոշումը կկայացնեմ։ Մնացած հարցերը դուրս գալուց հետո»։

Նա հայտարարեց, որ երբեք իր ծառայության վայրը ինքնակամ չի լքել, դա ապատեղեկատվություն է. «Դրա մասին ավելի ուշ ես կարող եմ հայտնել, թե ով որտեղ է ստում»,– ընդգծեց քահանան։

Կեղծ պատարագի մասնակիցը, սական, այդպես էլ անուններ չտվեց, թե ում հատկապես չի ցանկանում տեսնել այդ հանձնախմբում։

Նշենք, որ Տեր Տարոնը եկել էր «թիկնապահի» հետ։