Ձեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ դատախազության, օպերատիվ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ նա պատրաստվում է լքել երկիրը:
«Ես որտեղի՞ց եմ փախել, որ այստեղից փախչեմ, անգամ եթե վստահ լինեմ, որ Հայաստանում որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ։ Իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ»,–ասաց նա՝ հավելելով. «Ի՞նչ օպերատիվ տվյալ, այդ օպերատիվ տվյալներով, ես վաղուց պետք է փախած լինեի»։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է՝ բացակայելու արգելք խափանման միջոցը չի կիրառվել. «Գործում է գրավ խափանման միջոցը»,- նշեց նա:











