Էջմիածնի մի հատվածի հոսանքազրկման հետեւանքով, երկու ընտրատեղամասեր ևս հոսանքազրկվել են։ Դա տեւել է 15-25 րոպե։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ մի քանի րոպե է՝ հոսանք չկա կենտրոնական փողոցներից մեկում։

14/08 ընտրական տեղամասերի հանձնաժողովի նախագահը լրագրողներին հայտնեց, որ այդ պահին տեղամասում երեք ընտրող է եղել, նրանք ընտրել են, դուրս են եկել և թույլ չեն տվել, որ նոր մարդ ներս մտնի։

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը լրագրողները հետ զրույցում նշեց. «Ահազանգ ստացա հոսանքազրկման մասին, եկա տեղամաս։  Անձջատված էր նաև մշակույթի տան հոսանքը։ Մոտավորապես 25 րոպե հոսանք չի եղել, տեսա, որ իրականացվում է ընտրություն։ Ներսի  մարդիկ կատարեցին ընտրությունը, դրանից հետո դադարեցվեց պրոցեսը։ Փաստորեն 25 րոպե երկու տեղամասերում դադարեցված է եղել ընտրությունը։ մարդիկ զրկված են եղել իրենց ընտրելու իրավունքից։ Տարօրինակն այն է, որ երբ ես մոտեցա տեղամասին, այստեղ ոստիկանները շատ էին։ Մնացած տեղերում 1 ոստիկան է կանգնած ծառայություն իրականացնում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

Վաղարշապատում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25473 ընտրող։