Սեմյոնովկա գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհը դեռ չի մեկուսացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Սարգիս Մարկոսյանը։
«Ահազանգ է ստացվել նոյեմբերի 25-ին ժամը 01:03-ին, որ Դիլիջանի ոլորանների վերեւի հատվածում կա հրդեհ։ Դեպքին արձագանքելու համար մեր ուժերը մեկնել են հրդեհի վայր։
Անմիջապես ձեւավորվել է շտաբ՝ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Յուրաքանչյուրիս հրահանգվել է այդ ուղղությամբ հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար»,- մանրամասնեց Մարկոսյանը։
Նա նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են թվով 173 փրկարարներ, էկոպարեկային ծառայության 103 աշխատակից, 15 օպերատիվ խումբ, ինչպես նաեւ ՊՆ ուղղաթիռ։
Նրա խոսքով՝ օգնող ուժեր կան նաեւ մարզերից. «Գեղարքունիքից, Կոտայքից, Լոռիից, Տավուշից. ներգրավված են նաեւ կամավորական խմբեր»։
Հարցին՝ արդյո՞ք հրդեհը մեկուսացվել է, Մարկոսյանն ասաց. «Ոչ, յուրաքանչյուր հրդեհի ժամանակ քամին ավելի է արագացնում հրդեհի տարածումը»։
Նա նշեց, որ հրդեհի տարածումը դեպի մոտակա բնակավայրեր կանխվել է. «Գյուղ տանող ճանապարհը փակվել է այն նպատակով, որ մեր ծառայությանը չխոչընդոտեն։ Այս պահին որեւէ խուճապային ինֆորմացիա չկա»։











