Հայաստանն արտասահմանից ռազմական արտադրանք է գնում, որն ի վիճակի է ինքն էլ արտադրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ և «Հայաքվե» ընդդիմադիր շարժման անդամ Ավետիք Քերոբյանը։
Նա հավելել է, որ Ֆրանսիայից ձեռք բերված ռադարները կարող էին արտադրվել Հայաստանում։
«Բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիական և տեխնիկական հնարավորությունները դրա համար հասանելի են։ Նույնիսկ եթե այս արտադրությունը ավելի թանկ լինի, քան ներմուծումը, այն միևնույն է ունի տնտեսական ազդեցություն, ներառյալ՝ 30%-ի մակարդակով ուղղակի հարկերի տեսքով։ Հետևաբար, եթե տեղական արտադրությունն արժե ոչ ավելի, քան 30%, ապա ավելի լավ է այն կազմակերպել Հայաստանում։ Դա կարևոր է նաև լոգիստիկայից կախվածության պատճառով, հաշվի առնելով, որ լարվածության սրման դեպքում հակառակորդներն ամեն կերպ կփորձեն խոչընդոտել զենքի ներմուծումը Հայաստան»,- նշել է Քերոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան ՀՕՊ համակարգերի սպասարկման ընկերություններ, որոնք չեն ստանում պետական պատվերներ։
Նա ընդգծեց ռազմամթերքի արտադրության կազմակերպման կարևորությունը, որը հնարավորություն կտա համալրել պաշարները և նվազեցնել կախվածությունն արտաքին մատակարարումներից։
Փորձագետը հայտնեց, որ Հնդկաստանից 2020 թվականի սեպտեմբերին գնված ռադարները Հայաստան են ժամանել միայն դեկտեմբերին և ոչ մի օգուտ չեն տվել՝ ոշրպես պատճառ մատնանշելով ՀՀ պաշտպանության նախարարության թափթփվածությունը։
Քերոբյանը նշեց, որ Հայաստանն ունի անօդաչու թռչող սարքերի արտադրություն կազմակերպելու հնարավորություն՝ հաշվի առնելով նաև համապատասխան ռազմական ուժ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ քայլերը ևս առայժմ չեն երևում։
Փորձագետը միաժամանակ քննադատեց պարտադիր զինծառայությունը կրճատելու և այն 1,5 տարի դարձնելու ՀՀ իշխանությունների որոշումը՝ պարզաբանելով, որ երկիրը չի կարող իրեն նման շքեղություն թույլ տալ։











