Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայանների նոյեմբեր ամսին ստացված տվյալների համաձայն օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 142 , իսկ PM 10-ի համար՝ 64։ Այս արդյունքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքերում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

Համեմատելով 2024 թ նույն ժամանակահատվածի հետ՝ բնապահպանության վարչության պետն ասաց, որ այն ժամանակ PM2.5-ը կազմել էր 101, իսկ PM 10-ը՝ 53։

2025 թվականի նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում AQI-ի (օդի որակի) ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 180. սա այն ժամանակահատվածն է, երբ դիտվել է օդի որակի կտրուկ վատթարացում»,–ասաց նա։

Նաև զեկուցվեց, որ անցած շաբաթվա վերջի՝ կայաններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվիչների ցուցանիշները համեմատաբար նվազում են:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Հիմա, որ նորից խոսամ, էլի նույնը խոսալու եմ»։

Խորհրդակցության ավարտին, տեղեկանալով, որ առաջին մասում ձայնային տեխնիկական խոտանի պատճառով իր խոսքերը եթեր չեն գնացել՝ Տիգրան Ավինյանը կրկնեց. «Եթե մենք խոսացել ենք օդի որակի մասին և ասել ենք, որ տերև չպետք է վառվի, չի կարող հետո պարզվի, որ ինչ-որ քաղաքապետարանի աշխատակից տերև է վառում։ Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան և ասել եմ, որ այստեղ խնդիր է եղել, արդեն վարչական շրջանի ղեկավարը պետք է ֆիքսի, թե ինչ ծավալի խնդիր է, ինչ գործողություն պետք է անի, ում պետք է նկատողություն տա, ում աշխատանքից ազատի։ Այնուամենայնիվ, այդ վարչական շրջանի ղեկավարի խնդիրն է հասկանալը, ամեն ինչ չէ որ պետք է մատով ցույց տրվի, որովհետև արդեն ես պետք է մտածեմ, թե ինչ անեմ այդ վարչական շրջանում՝ կադրային առումով։ Եվ սա վերաբերում է բոլորին, բո-լո-րին»։