Այնպես չի, որ մեզ համար նորություն է, որ մեր հասարակության մեջ, հատկապես դեռահաս երեխաների շրջանում լինում են ծեծի դեպքեր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը՝ անդրադառնալով հայտնի տեսանյութին, որտեղ անչափահասները դաժանաբար ծեծում են իրենց հասակակցին, և նրանցից մեկը «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալի որդին է։
«Մեր հասարակությունը, ընդհանուր առմամբ, հատկապես տղաների շրջանում բռնություն քարոզող հասարակություն է։ Այսինքն տղան մեծանում է, տղային ասում են, երբ որ մեկը քեզ բան է ասում, քարը վերցրու տուր գլխին, ու երեխաներին սովորեցնում են ավելի շատ բռնություն, քան առողջ հարաբերություններ և առողջ կոմունիկացիա։
Մենք հաստատ կունենանք շատ-շատ դեպքեր, երբ դա չի տեսանկարահանվել, համացանց չի գցվել և այդ դեպքերը անհայտ են մնացել։
Իմ ասածը այն է, որ պետք չի թիրախավորել։ Ես նաև ուզում եմ, որ երեխաներին էլ չթիրախավորենք՝ քրեական ենթամշակույթ տերմինը իրենց վրա կպցնելով։ Եթե մենք ծեծով հարց լուծելու երևույթի անունը դնենք քրեական ենթամշակույթ, կստացվի, ու մեր հասարակության մեծ մասը կրում է քրեական ենթամշակույթ»,–ասաց նա։
Ծովինար Թադևոսյանը նշեց, որ ինքը խոսել է ՔԿՀ պետի տեղակալի հետ՝ որդու վարքի հետ կապված, սայան չցանկացավ մանրամասնել, թե ինչ է խոսել։











