Վերջին շրջանում նկատելի է, որ որոշ օտարերկրյա խորհրդարանական խմբեր կամա թե ակամա փորձում են Արցախի խնդիրը ներկայացնել մարդու իրավունքների խախտումների տեսակետից. ակնհայտորեն դա տանում է խնդրի աղճատման ու խափանման։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Արցախի ներկայացուցչությունում, կազմակերպված լսումների ժամանակ նշեց Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

«Մի քանի օտարերկրյա խմբերի կողմից աջակցության արձանագրումը, խնդիրը որպես մարդու իրավունքների խախտում ձևակերպելու գնով, վտանգում է գործընթացի բնույթը և նպատակին հասնելը։ Խախտված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա պիտի լինի մեր բոլոր գործողությունների հիմքը և մեր բոլոր դիրքորոշումների հիմքը։ Հետևաբար, վերադարձը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է դառնա առաջին քայլը խախտված ինքնորոշման իրավունքի վերականգնման և իրացման համար»,–ասաց նա։

Թորոսյանի խոսքով, առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ բանակցային գործընթացը ավելի քան երկու տասնամյակ վարել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ, անդամների երկրների ներկայացուցիչները, որպես համանախագահներ. «Համանախագահ երկրները, որպես անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը, պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերի կոպիտ ոտնահարումների համար և պարտավոր են արձագանքել դրանց։ Նրանք բազմաթիվ փաստաթղթեր են ընդունել, որոնցով 2007 թվականից մինչև 2021 թվականը փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնորոշման հակամարտություն է, որը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա։  Այս ամենը բազմիցս հաստատել են ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի պատասխանատուները։

Ռազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին արձանագրումներ են ունեցել տարբեր միջազգային կազմակերպություններ ու մասնագիտական միջազգային միավորումներ։ Տարբեր խմբեր ու անհատներ զբաղվել են Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործունեությամբ։

Բացառիկ նշանակություն ունի այդ աշխատանքների համակարգումը, փաստական նյութի վերլուծությունն ու դասակարգումը, արխիվացումը համապատասխան միջազգային հաստատություններ ներկայացնելու համար։ Միջազգային իրավունքի հիման վրա վերադարձի իրավունքի իրացումը նույնպես իրավաքաղաքական հայեցակարգի կարևոր հատվածներից մեկն է։

Խնդրի առկայությունն ու լուծման անհրաժեշտությունը փաստել են Եվրոպական խորհրդարանի բանաձևերը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում էր ապահովել բոլոր արցախահայերի անվտանգ, անարգետ և արագ վերադարձը»։

Տիգրան Թորոսյանը նկատեց, որ փախստականների վերադարձի վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի կիրառումը իրական արդյունք կարող է տալ միայն Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման պարագայում և հետագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում. «Հակառակ դեպքում վերադարձը կարող է վերածվել ևս մեկ աղետի ու կամավոր արտագաղթի ադրբեջանական իշխանությունների ճնշումների ներքո։

Վերադարձի խնդրի հետ անմիջականորեն կապված է Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարության Բաքվում պահվող հատվածի վերադարձի խնդիրը, որը նույնպես արծարծվում է նշված փաստաթղթերում։ Վերադարձի խնդրի օգտագործման դեմ երբեմն հակադրվում է այն ենթադրությունը, որ այդ դեպքում դուռ է բացվում Ադրբեջանի պահանջի համար, ըստ որի 300 000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան։ Ակնհայտորեն սա շահարկում է, քանի որ Ադրբեջանից Հայաստան փախստականների վերադարձը համադրելի է ոչ թե արցախահայերի վերադարձի հետ, այլ հակամարտության սկզբում, 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Ադրբեջանից հայ փախստականների դեպքի հետ, որոնց թիվը զգալիորեն գերազանցում էր ադրբեջանցի փախստականների թիվը։ Զարմանալիորեն չեն արծարծվում Ադրբեջան հայ փախստականների վերադարձի խնդիրը»,– հայտարարեց Տիգրան Թորոսյանը։