Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի ժ/պ  Սիրարփի Հայկազյանը:

«Մենք չենք բավարարվում միայն նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն, ավագանու նիստով երկու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու՝ նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները: Փոփոխություններից մեկը վերաբերելու է ավագանու 405 N որոշմանը, լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ, երկրորդը՝ ավագանու 48 N որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններն են, որը պարտադիր բարեկարգման նորմեր է ենթադրում: Այն կիրառելի է դառնալու նաև հանքավայրերի նկատմամբ»,-նշեց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ սկսեց հարցադրումներ ուղղել տարբեր պաշտոնյաների.

«Պարոն Խոջոյան, դուք քաղաքում շինարարությունը չեք կանգնեցրել, չէ՞:

-Ո՛չ։

Պարոն Հարությունյան, դուք քաղաքում մեքենաների շարժը չեք արգելել, չէ՞։

-Ո՛չ:

-Պարոն Բեգոյան, դուք շարունակում եք ձեր ծրագրերը և դժվար թե հազարավոր հեկտարներով կանաչապատ նոր տարածք ստեղծած լինեք քաղաքում»:

Այնուհետեւ Ավինյանը շրունակեց. «Սիրելի երևանցիներ, իրականում օդի որակի խնդիրը Երևան քաղաքում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով և մեր աշխարհագրական դիրքով։ Բայց ինչպես ճիշտ տիկին Հայկազյանը նշում է, մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա և այդ առումով ամբողջապես այն աշխատանքները, որոնք արվում են, կարծում եմ, իրենք որոշակի ազդեցություն թողնելու են։

Բայց ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, մենք այնուամենայնիվ պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք թեկուզ որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք բերում են այդ սմոգը, այդ օդը դեպի քաղաք։

Շատ դժվար բան եմ ասում, բայց կարծում եմ իրագործելի բան է և այդ ուղղությամբ պետք է աշխատենք»։