Բանակում ժամկետային զինծառայության ժամկետը 24 ամսից (2 տարի) մինչև 18 ամիս (1,5 տարի) կրճատելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2021 թվականին։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ այդ որոշումը ներկայացված է եղել Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։ Նա հավելել է, որ պաշտպանական ոլորտում գրանցված հաջողություններն են Կառավարությանը թույլ տվել հանդես գալ այս նախաձեռնությամբ։
«2023 թվականի համեմատ 2025 թվականին զորակոչը ավելացել 19 տոկոսով։ Սա օրենքների փոփոխությունների և կառավարության որոշումների արդյունք է։
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը 2.5 տարվա ընթացքում տվել է մեզ նոր ցուցանիշներ։
Պաշտպան հայրենյաց ծրագիրը, որը 5 տարի էր նախկինում և 5 տարի ծառայելուց հետո շահառուները կարող էին ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար, մենք հիմա պայամանգիրը ավելացնում ենք ևս 2 և ևս 5 տարով, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ 1,5 միլիոն երկու տարվա համար՝ հանրագումարով 7․ 5 տարի ծառայելու պարագայում և 5 միլիոն դրամ պատվովճար։ 10 տարվա հանրագումարով կստանան 10 միլիոն դրամ պատվովճար։ Սա նպատակ ունի ապահովել ծրագրի շարունակականությունը և ամրացնել ծրագրի հիմքը և ունենալ մշտական պրոֆեսիոնալ բանակի կայուն շարունակականություն, որը կբխի պարտադիր զինվորական ծառայությունից։
2-2,5 տարվա ընացքում «Պաշտպան հայրենյացի» շահառուների թիվը կազմում է 4234 զինծառայող, որը ժամանակաբար աճում է։ Մենք այս պահին ունենք 906 դիմում և հույս ունեմ, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա 200-ով», - նշել է Պապիկյանը։
Նա նշել է պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքների կարևորությունը, քանի որ դա ապահովում է կապը նրանց միջև, ինչպես նաև բանակի և թիկունքի միջև։
«Սա 44-օրյա պատերազմի ժամանակ ամենալուրջ խնդիրներից մեկն էր։ Չեմ կարող ասել, որ այն ամբողջությամբ լուծված է, բայց հիմքերը դրված են», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այն փաստը, որ 25-օրյա հավաքների շրջանակներում պահեստազորայինների համալրումը հասնում է 100%-ի, նշանակում է, որ նախկինում ընդունված որոշումները արդարացված են։











