Տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն ժողովի 29-րդ արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի հարցը։ Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով համապատասխան հայտարարությունը։
Նրա խոսքով՝ հիմք են ընդունվել մարզային և քաղաքային ժողովների առաջարկները, ինչպես նաև վերոնշյալ հանդիպման մասնակիցների կարծիքներն ու տեսակետները։
«ՀՀ-ն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների և անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։ Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել հայկական պետականության ապագան և երկրի տարածքային ամբողջականությունը», - ասել է Սաղաթելյանը։
Այս առումով պատգամավորը, մասնավորապես, մատնանշել է գործող ռեժիմը փոխելու անհրաժեշտությունը։
«Այս համատեքստում 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունները պետք է վերածել գործող վարչախմբի գործողությունը կանխելու միջոցի», - հավելել է ընդդիմադիրը
Վերոնշյալ որոշումների հիման վրա Գերագույն խորհուրդն ընդունել է հետևյալ որոշումը՝
մասնակցել 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձևաչափին։
լիազորել Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնին ակտիվ նախընտրական բանակցություններ վարել հնարավոր դաշինքի ձևաչափի շուրջ՝ միաժամանակ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարումը և կարևորագույն հարցերի վերաբերյալ նրա մոտեցումների արտացոլումը։
Հարցին, թե ում հետ է Դաշնակցությունը մտադիր կոալիցիա կազմել, պատգամավորը պատասխանել է, որ նման որոշում դեռևս չի կայացվել: Միաժամանակ Սաղաթելյանը հավելել է, որ նախ բանակցություններ կսկսեն «Հայաստան» դաշինքի իրենց գործընկերների հետ: Այլ կերպ ասած՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնողների հետ:
«Այս ոորոշման շրջանակներում առաջիկայում մենք կսկսենքմեր քննարկումները՝ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Բնականաբար արժևորելով «Հայաստան» դաշինքի աշխատանքը, մենք նախնական բանակցություններ կսկսենք մեր գործընկերների հետ», - ասել է խորհրդարանականը։
Նա համոզված է՝ 2026 թվականի Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին պետք է հանդես գան միանգամից մի քանի խոշոր քաղաքական դաշինքներ։ Վերջիններս պետք է հանրության դատին ներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը։ Հայաստանի քաղաքացիներն էլ պետք է իրենք ընտրեն այն ծրագիրը, որը, իրենց կարծիքով, թույլ կտա երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։
«Թող ոչ ոք չթելադրի, թե ով պետք է մասնակցի ընտրություններին, իսկ ով՝ ոչ։ Ոչ ոք բարոյական կամ քաղաքական իրավունք չունի ասելու՝ «մի՛ մասնակցեք ընտրություններին», - ընդգծել է Սաղաթելյանը՝ մեկնաբանելով այն պնդումները, որ նախկին նախագահների մասնակցությունը՝ իրենց չափազանց ցածր վարկանիշի պատճառով, կարող է նպաստել գործող կառավարության ևս մեկ ընտրական հաղթանակին։
Պատգամավորի կարծիքով՝ ընդդիմադիր ուժերը չպետք է հանդես գան նման հայտարարություններով՝ այդպիսով առաջ մղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային տիրույթ արտաետված «թեզերը»։ Ընդհակառակը, նա բոլոր ընդդիմադիրներին կոչ է արել համախմբվել և հրաժարվել միմյանց վարկաբեկելու քաղաքականությունից։











